Հարգելի՛ տիկին Հաթչինսոն,
Ձե՛րդ գերազանցություններ,
հարգելի՛ պարոն Շարփ,
հարգելի՛ գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,
Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա այս վերջին օրը ես իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր գործընկեր դեսպանություններին, արտաքին գործերի նախարարության իմ գործընկերներին և կառավարության այլ գերատեսչություններին ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում մի շարք միջոցառումների կազմակերպման գործում իրենց ներդրման համար:
Միևնույն ժամանակ ցանկանում եմ ողջունել ՆԱՏՕ-ի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Հաթչինսոնին և շնորհակալություն հայտնել նրան այս քննարկմանը մասնակցելու համար:
Վերջին տարիներին մենք բարեհաջող շարունակել ենք մեր փոխշահավետ գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ: Այսօր ունենք Դաշինքի հետ համագործակցության ամուր օրակարգ, որի շարժիչ ուժը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն է, ներառյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման հանձնառությունը:
Հաջորդ տարի մենք կնշենք 1325 բանաձևի ընդունման 20-ամյակը: Ցավալիորեն այդ բանաձևի ընդունման օրվանից ի վեր աշխարհն ավելի անվտանգ չի դարձել, աշխարհի շատ ծայրերում մարդիկ դեռ շարունակում են առերեսվել իրականությանը, ուր իշխում են բռնությունը, խտրականությունը և ատելությունը:
Մեր խորին համոզմունքն է, որ կանայք «խաղաղությանը և անվտնագությանն ուղղված փոփոխությունների հզոր դերակատարներ են», և անվտանգությանն ուղղված ջանքերն առավել կայուն են, երբ կանայք հավասար գործընկերներ են բռնի հակամարտությունների կանխարգելման, օգնության տրամադրման և վերականգնման գործողություններում, ինչպես նաև տևական և ամուր կարգավորմանը նպաստելու հարցում:
Ուստի, նրանց հաստատուն մասնակցության ապահովումը հակամարտությունների կարգավորման գործում պարզապես գենդերային հավասարությանն ուղղված քայլ չէ, այն խաղաղության ու զարգացման հնարավորություններն ամրապնդելու գործիք է:
Այս կապակցությամբ ես կցանկանայի վկայակոչել վերջերս մեկնարկած՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն է դառնալ կանանց և մայրերի համար ներառական հարթակ՝ խթանելու խաղաղություն և հաշտություն մեր տարածաշրջանում և դրանից դուրս հակամարտություններից տուժած վայրերում։ Սա խաղաղաշինության ջանքերին կանանց մասնակցության պատկերավոր օրինակ է։
Բանաձևի ընդունման 20-ամյակին ընդառաջ պատեհ առիթ է գնահատելու առաջընթացը և նախանշելու հետագա քայլերը։
Այս տարվա փետրվարին մեր կառավարությունը հաստատեց ՄԱԿ ԱԽ Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի կիրարկման Գործողությունների առաջին ազգային ծրագիրը։ Հայաստանը դարձավ ՄԱԿ 80-րդ անդամ պետությունը, որն ընդունեց գործողությունների ազգային ծրագիր։
Գործողությունների ազգային ծրագիրն ընդունելուց առաջ Հայաստանի կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը՝ յուրաքանչյուրն իր ձևով քայլեր է ձեռնարկել 1325 բանաձևի կիրարկման ուղղությամբ։ Այնուամենայնիվ, դա պարտավորվածությամբ համակարգված գործունեություն չէր։
Գործողությունների ազգային ծրագրի մշակումը մեկ տարի տևած գործընթաց էր, որի մեջ ներգրավված էին կառավարական մարմինները, քաղաքակացիական հասարակությունը և միջազգային կազմակերպությունները: Արդյունքում մենք ունենք համապարփակ, համահունչ և համակարգված քաղաքականության փաստաթուղթ, որտեղ կենտրոնական դեր ունի պետությունը՝ որպես կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի խթանման պատասխանատվության հիմնական կրող:
Այն հաշվի է առնում իրավիճակը տեղում՝ խաղաղաշինության, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման համատեքստում կանանց քաղաքական մասնակցությունը և տնտեսական հզորացումը խթանելու համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հասարակության խոցելի խմբերին, ներառյալ սահմանակից համայնքների կանանց, հակամարտությունից տուժած կանանց, տեղահանված կամ տեղահանման վտանգի տակ գտնվող կանանց:
Կանանց իրավունքների խթանման ընդհանուր համատեքստում 1325 բանաձևի կիրարկումը վերաբերում է օրենքի առաջ քաղաքացիների հավասարությունն ապահովելու և սոցիալ-տնտեսական կյանքում հավասար հնարավորություններ ստեղծելու կառավարության առաջնահերթություններին: Այս առաջնահերթություններն են կազմում Կայուն զարգացման 5-րդ նպատակին հասնելու շրջանակը, որտեղ կանանց, խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հանձնառությունները կապված են հանրային կյանքում՝ տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում նրանց դերի բարձրացման հետ:
Կանանց քաղաքական ներկայացվածությունը բարձրացնելու նպատակով Ընտրական օրենսգրքով սահմանվել է կանանց առավել արդյունավետ ներկայացվածության շեմ (Ընտրական մարմիններում կանանց 25% ներկայացվածություն՝ նախկին 20%-ի փոխարեն): Միևնույն ժամանակ, որդեգրվել է աստիճանական մոտեցում, և ավելի բարձր շեմ կսահմանվի հաջորդ ընտրությունների համար՝ այն հասցնելով 30%-ի:
Մենք պետք է որդեգրենք նորարար, գենդերազգայուն մոտեցումներ` կանանց մասնակցությունը խոչընդոտող գլխավոր սկզբնապատճառներին ու ռիսկի գործոններին արձագանքելու համար և ստեղծելու պայմաններ, որոնք արդյունավետորեն վերջ կդնեն նման արատավոր երևույթներին:
Սա հայ հասարակության համար շատ արդի քննարկում է, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու կանանց հզորացման և խաղաղության ու զարգացման կայունության միջև եղած կապի վրա թե՛ ազգային, թե՛ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Եվ սա շարունակական մարտահրավեր է այս երկրում և այս տարածաշրջանում գտնվող բոլորիս համար: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ևս մեկ անգամ բարձրաձայնել իմ կոչը միասնական, պատասխանատու և վճռական գործողություններ ձեռնարկել կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի առաջմղման ուղղությամբ:
Շնորհակալություն: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկում:
Արտաքին գործերի նախարարություն