Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը բացառել է Քոչարյանի թաքնվելու հնարավորությունը, բայց ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը

Մարտ 15,2019 17:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դատարանը որոշեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնել: Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը նիստից հետո լրագրողներին ասաց՝ դատարանը մերժեց գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը, իսկ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած՝ եւս երկու ամիս ժամանակով կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարեց. «Որոշումը ստանալուց եւ այն վերլուծելուց հետո ավելի մանրամասն կասենք: Բայց, ըստ էության, 300.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են բացառապես մինչեւ հիմա առկա 4 հատ այլ ակտերով: Այսինքն՝ դատարանը նշելով, որ ուղղակի վերաքննիչ դատարանի երկու որոշում կա, որոնք, չնայած որ բողոքարկված են վճռաբեկ դատարանում եւ դրանք ուժի մեջ են, եւ դրա հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը, դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը: Այսինքն՝ միակ հիմքը այն է՝ քանի որ հիմա գործերի ծանոթանալու փուլն է եւ կարող են տեսնել բոլոր վկաներին՝ ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը, եւ դատարանը գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»:

Օրբելյանն ասաց, որ Քոչարյանը նիստին ներկա էր, նրա վերաբերմունքը որոշմանը, ինչպես փաստաբանն ասաց՝ պարզ է, որ բացասական էր. «Ակնկալվում էր այլ արդյունք, բայց միեւնույն ժամանակ շատ հանգիստ էր»: Դատական այս ակտն, Օրբելյանի փոխանցմամբ՝ բողոքարկվելու է, եթե իհարկե պարզվի, որ նույնն է գրված, ինչը որ դատավորը բանավոր հրապարակեց:

Քոչարյանի փաստաբանական խումբը քննարկում է նաեւ ՄԻԵԴ եւս մեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը. «Քանի որ վճռաբեկ դատարանը ավելի քան ողջամիտ ժամկետում որեւէ անդրադարձ չի կատարել մեր բողոքին»:

«Վստահ կարող եմ ասել՝ դռնբաց դատական նիստ կլինի, եթե որեւէ մեկի մտքով կանցնի, որ կարող է դռնփակ դատական նիստ լինել, դրանից հետո ՀՔԾ-ի մտքով թող երբեք չանցնի իմ գործընկերների մասին որեւէ գնահատական տալ՝ սուտասան կամ նմանատիպ ձեւակերպումներ»,-ասաց Օրբելյանը: Եվ եթե կլինի դռնբաց նիստ, ինչպես ասաց Օրբելյանը, բոլորը կտեսնեն ՀՔԾ-ի ապացույցների որակը. «Անկախ այդ ապացույցների որակից, սույն մեղադրանքը այն ձեւով ինչ-որ ներկայացված է չի կարող ապացուցվել»:

Նաեւ փաստարկներ ներկայացրեց. «Սահմանադրական կարգը Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին չի տապալվել, եթե չի տապալվել՝ համապատասխանաբար որեւէ մեկի վրա դնել պատասխանատվություն չի կարելի. արգումենտ 1: Արգումենտ 2՝ արգելվում է պատասխանատվության ենթարկել, եթե ուղղակիորեն դա չի նախատեսված որպես անգործության հետեւանք, անձին զուտ նրա համար, որ իր ենթակայության տակ, «չէր կարող չիմանալ» ապացույցի հիմքը չի գործում: Այսինքն, երբ Մուբարաքին շատ անգամ վատ բաների համար դատապարտեցին, վերջում Եգիպտոսի վճռաբեկ դատարանը ասաց՝ չէ, դուք չեք կարող մարդ դատել, ասելով՝ ինքը չէր կարող չիմանալ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվում արդեն մի քանի ամիս. նրան մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ին Սահմանադրական կարգը տապալելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031