Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս գրավել Ռուսաստանի շուկան

Մարտ 15,2019 16:42

Ռուսաստանում ապրող հայերը կվկայեն, որ մոտ տասը տարի առաջ, անհրաժեշտության դեպքում գնել որևէ հայկական արտադրության սննդամթերք որևէ խանութից, համարյա անհնարին խնդիր էր: Այսօր պատկերն այլ է: Բացի այն, որ տեղի հայկական մեծ ու փոքր ընկերությունները արտադրում ու լայնորեն տարածում են լավաշ և մածուն, նաև Հայաստանից է Ռուսաստան ներմուծվում որոշ քանակությամբ սննդամթերք, որը, սակայն, թանկ գին ունենալու պատճառով հիմնականում հասանելի է գնողունակ սեգմենտի գրպանին:

Վիճակագրության խոսուն թվերի մեջ մի փոքր խճճվելուց հետո, պարզ է դառնում, որ մեզ հետ սահման չկիսող Ռուսաստանը, այնուամենայնիվ, մեր գլխավոր առևտրա-տնտեսական գործընկերն է տարածաշրջանում:

ՀՀ վիճվարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը գրանցել է 27.3 տոկոս աճ ՝ նախորդող տարվա 1 730 489.9 հազար դոլարից հասնելով 1 924 443. 8 հազարի: Ի դեպ, ԵՄ բոլոր 21 երկրի ցուցանիշը միասին վերցրած, որը կազմում է 1 830 074.3 հազար դոլար նույն ժամանակահատվածում, չի գերազանցում Ռուսաստանի ցուցանիշը:

Հայաստանը 2018-ին ընդհանուր առմամբ արտահանել է 2 411 934.8 հազար դոլարի ապրանք, որից միայն 666 501.7 հազարը Ռուսաստան, 683 847.0-ը բոլոր ԵՄ երկրներ միասին վերցրված և 1 008 923.9-ը՝ այլ երկրներ, որոնց թվում ամենախոշոր ցուցանիշները բաժին են հասնում Արաբական Միացյալ էմիրություններին, Չինաստանին, Իրանին, Իրաքին և Շվեյցարիային:

Ըստ վիճակագրության, Հայաստանը հիմնականում արտահանում է հանքահումքային արտադրանք, պատրաստի սնունդ և թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր: Արտահանվող ապրանքի զգալի մասը հոսում է դեպի Ռուսաստան:

1955 թվականից ի վեր Ռուսաստանը այլևս չի հանդիսանում նետտո-արտահանող երկիր, այսինքն` Ռուսաստան ավելի շատ ներմուծվում են ապրանքներ, քան արտահանվում: Ռուսաստանից արտահանվող ապրանքների առյուծի բաժինը՝ մոտ 60%-ը կազմում են նավթն ու հանքային պարարտանյութերը և ամենաքիչ տոկոսը՝ սննդամթերքը, որը ընդհանուր արտահանման մեջ գրանցում է 6% ցուցանիշ: Ասել է թե, 146 793 744 միլիոնանոց բնակչություն ունեցող երկիրը կերակրվում է այլ պետությունների օգնությամբ և լայն ու նպաստավոր շուկա է ներմուծողների համար:

Ըստ ՌԴ մաքսային ծառայության հրապարակած վիճակագրական տվյալների՝ Հայաստանը Ռուսաստանի համար առևտրաշրջանառության առումով, իհարկե, չի հանդիսանում առաջնային երկիր: Մենք առաջին տեղում չենք նաև Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եռյակի մեջ, որտեղ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ամենամեծ ծավալները գրանցում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանը (2017 – 2018 թթ կտրվածքով Ադրբեջանից Ռուսաստան է ներմուծվել 773 275 399 մլն դոլարի ապրանք, Հայաստանից՝ 627 045 153 մլն դոլարի):

Չնայած, որ հարևան Ադրբեջանը մոտ տասը անգամ ավելի միրգ ու բանջարեղեն է մատակարարում ռուսական շուկային (2018-ին նրանց ցուցանիշը 224 672 232 դոլարի է, իսկ մերը՝ 25 337 501) սակայն, մասնագետների պնդմամբ, Ռուսաստանը պատրաստ է առավել մեծ ծավալների առևտրային համագործակցության Հայաստանի հետ, եթե, իհարկե, մեր երկիրը կարողանա ապահովել ծավալային ներմուծում, բայց մենք, դեռևս, մեծ ծավալների և գնային առումով մատչելի ապրանքներ արտահանել չենք կարողանում և դրա պատճառները մի քանիսն են:

Հայկական ապրանքները որակյալ են, փաստում են ռուսաստանյան ընկերությունները, ունեն պահանջարկ ռուսական շուկայում, սակայն, հարմար չեն միջին խավի գրպանին: Օրինակ, մեկ 500 գրամանոց սմբուկի խավիարը արժե 180-250 ռուբլի, այն դեպքում, երբ բելառուսական նույն արտադրանքը կարելի է գնել երկու անգամ ցածր գնով: Եվ այդ է պատճառներից մեկը, որ Ռուսաստանի ամենախոշոր ցանցային խանութների ընկերության՝ X5 Retail Group-ի էկոնոմ դասի սուպերմարկետներում ներկայացված չեն հայկական արտադրության սննդամթերքներ, ասում է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Հայկական արտադրության սննդամթերքները Ռուսաստանում հիմնականում վաճառվում են պրեմիում դասի սուպերմարկետներում, մասնագիտացված բակային հայկական խանութներում և ինտերնետում և այն հույսը, որ Ռուսաստանի դեմ սանկցիաներից հետո շուկայում առաջացած զգալի վակումը կարող էինք լրացնել նաև մենք, գոնե պանիր, կարագ և նմանատիպ մթերքներ ներմուծելու առումով, այդպես էլ իրականություն չդարձավ: Մենք, տարիներ առաջ, չկարողացանք գրավել նաև շուկայից ժամանակավորապես դուրս մղված վրացական գինիների խորշը, չնայած անընդհատ խոսում էինք այդ մասին:

Մի շարք ներմուծող ընկերությունների տնօրենների հետ զրույցից պարզ է դառնում, որ տարածված այն կարծիքը, թե մեր արտահանման ծավալների և գնագոյացման քաղաքականության վրա բացասական ազդեցություն ունի հիմնականում բեռնափոխադրումների խնդիրը, ասել է թե մեր բեռնատարների հույսը միայն Լարսի վրա է, ի տարբերություն հարևան երկրների, այնքան էլ միանշանակ չէ, այսինքն` մեր խնդիրը միայն դրանում չէ, պնդում են նրանք: Մենք ունենք ավելի լուրջ խոչընդոտներ, քան բեռնափոխադրումներն են և այդ խոչընդոտները, ըստ ներմուծողների, Հայաստանի գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտում են ու առավել քան սահմանային խնդիրները, խանգարում են մեր արտահանման ծավալներին և գրանցում են գնագոյացման բարձր ցուցանիշ:

Պահածոյացված մթերքներ արտահանող հայկական ապրանքանիշերից մեկի տնօրենը, որը, ի դեպ, ամենատարածվածներից մեկն է ռուսական շուկայում, մեզ հետ զրույցում նշում է, որ, բացի այն, որ Հայաստանում բերքարտադրությունը քիչ է՝ աշխատուժի բացակայության և անմշակ հողատարածքների պատճառով, այսօր մեզ մոտ չկան նաև որակյալ մասնագետներ՝ գինեգործներից սկսած գյուղատնտեսներով վերջացրած, որոնք գրագետ արտադրական մեխանիզմներ կմշակեն, գրագետ մարկետինգային հաշվարկներ կկատարեն և գրագետ լոգիստական ծառայություններ կառաջարկեն արտահանողներին:

Միայն մեր բեռնատարների քանակը, դրանք սպասարկող վարորդների կարգապահությունը և Ռուսաստանի տարածքում ապրանքների պահպանման ժամանակակից պահեստակետերի բացակայությունը հաշվի առնելու դեպքում՝ մենք կտեսնենք, որ լուրջ անելիքներ ունենք հենց միան լոգիստիկայի կազմակերպման հարցում, ընդգծում է հյութեր ներմուծող մեկ այլ ընկերության տնօրեն և, եթե մենք ի վիճակի լինենք արտադրել մեծ ծավալների մթերք, ապա այն արտահանելու ճանապարհներ, հաստատ կգտնենք:

ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի խոսքով՝ հայկական ապրանքները չեն կարողանում դիմանալ խոշոր ցանցային խանութներում գնային խիստ մրցակցությանը, այդ իսկ պատճառով հաճախ ինքնակամ հրաժարվում են այդ շուկայից: Պարոն Ասոյանի կարծիքով, հարցի լուծումը ապրանքների ինքնարժեքի իջեցման մեջ է, իսկ ինքնարժեքը կարող է նվազել, եթե ոլորտ ներմուծվեն նորագույն սարքավորումներ, որոնք ասենք, օրինակ, 1000 կիլովատ հոսանքի փոխարեն կծախսեն տասը անգամ ավելի քիչ, ահա և ինքնարժեքի իջեցման մեկ տարբերակ, ասում է Ասոյանը:

Ռուսաստանում քիչ են նաև հայկական ապրանքների ներկայացուցչական լուրջ ընկերությունները, որոնք կզբաղվեն ապրանքների գովազդով ու տարածմամբ և իրավաբանական տեսանկյունից վստահելի գործընկերներ կհանդիսանան ռուսական ընկերությունների համար: Կ. Ասոյանը պատմում է, որ 2017-ին Metro Cash&Carry խոշոր ցանցային ընկերության պատվիրակությանը հրավիրել է Հայաստան: Վերջիններիս դուր է եկել հայկական արտադրանքը, մի քանի ապրանքանիշեր այսօր ներկայացված են նրանց սուպերմարկետներում, սակայն, ընկերության ղեկավարությունը եկել է եզրահանգման, որ առանց վստահելի իրացնող ներկայացուցչությունների, բարդ կլինի աշխատելը:

Ռուսաստանում, ալկոհոլային խմիչքներից, ավանդաբար պահանջարկ ունի մեր կոնյակը, որն այսօր բացի ռուս գնորդին ծանոթ «Արարատ» բրենդից, ներմուծում են նաև տարատեսակ այլ արտադրողներ և, ցավոք, դրանց մեծ մասն արդեն որակին վերաբերող բացասական արձագանքներ է հավաքում սպառողների կողմից: Հայկական գինիների մասին չենք էլ խոսում, քանի որ դրանք ոչ մի կերպ չեն կարողանում մրցակցել վրացական գինիների հետ, որոնք արդեն վերադարձել են շուկա, լայնորեն տարածված են և ճանաչելի: Վրացական գինու լայն տեսականի կարելի է գտնել ռուսաստանյան ցանկացած դասի խանութում:

Մոսկվայում լինում է տարեկան երկու-երեք պարենային ապրանքների խոշոր ցուցահանդես, որտեղ հաջողությամբ մասնակցում են հայկական արտադրողները: Հայկական արտադրության ապրանքների մշտական ցուցահանդես-վաճառք է իրականցվում նաև Մոսկվայի ВДНХ ցուցահանդեսային համալիրի տարածքում գտնվող «Արմենիա» տաղավարում, որը հայկական կողմին է տրամադրվել միջպետական համաձայնագրի հիման վրա՝ 2011 թվականին, և ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչի խոսքերով, տարեկան 10-ը միլիոն դոլարից ավել հայկական ապրանքների իրացում է ապահովվում: Տաղավարում ներկայացված է մոտ 200 արտադրողի արտադրանք՝ սննդամթերքից սկսած հուշանվերներով վերջացրած, սակայն, այս ամենը մեկ կաթիլ է ռուսական շուկայի անծայրածիր օվկիանոսում:

Հայաստանի ԵԱՏՄ-ը անդամակցելուց հետո, արտահանող ու ներմուծող ընկերությունները, իրենց իսկ փաստմամբ, արմատական փոփոխություններ դեռևս չեն նկատել, միայն, որոշակիորեն ազատվել են անցակետային թղթաբանության բարդություններից և ավելացված արժեքի հարկի գանձման հարցում ժամկետային առավելություն են ստացել՝ կարող են վճարումները կատարել ապրանքը ներմուծելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Լարսի հետ կապված խնդիրները, նույնպես, չեն վախեցնում վերջիններիս, նրանք, հաճախ, կարողանում են Փոթիով շրջանցել ու, չնայած, դժվարություններին, բայց մուտք գործել Ռուսաստան, իսկ ահա վերը նշված խնդիրները, լուրջ խոչընդոտ են հանդիսանում՝ Ռուսական շուկան լայն առումով գրավելու հարցում:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031