Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեցին՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է ձեւաչափի փոփոխությունը եւ ասում են, այն պնդումը, որ հայկական կողմն է առաջ տանում՝ ձևաչափում ներգրավելու Ղարաբաղը, բանակցությունները տանելու է փակուղի, ինչպե՞ս կմեկնաբանեք: Նախարարը պատասխանեց. «Մենք չենք անելու որեւէ բան, որը փակուղի է տանելու, որովհետեւ մենք մնում ենք հավատարիմ խաղաղ կարգավորմանը գործընթացի, սա շատ էական հարց է: Մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Այստեղ կոնկրետ պրակտիկ եւ սկզբունքային հարց է՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն եւ ներգրավվածություն, սա նորություն չի: Որպեսզի բանակցություններում մենք արդյունավետ աշխատենք, մեզ պետք պրակտիկ առումով ընդունել, որ որոշիչ ձայնի, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնել…Սա սկզբունքային կարեւոր հարց է, սա նախապայման չէ եւ մենք ցանկանում ենք շարունակել քննարկել եւ գտնել խնդիրների լուծումներ»:
Հարցին՝ կարծում եք Արցախի վերադարձը բանակցությունների սեղան էականորեն կփոխի՞ իրավիճակը, բանակցություններում փոփոխություններ կլինե՞ն՝ նախարարը պատասխանեց. «Խնդիրը վերաբերում է ԼՂ-ին, այն ձեւավորված քաղաքական համակարգ է, որն ունի ինստիտուցիոնալ համակարգ՝ արտահայտելու իր կամքը, մոտեցումները: Իրենք ունեն ընտրված իշխանություններ, համակարգը նույնպես ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում եւ իրենք, որպես ընտրված իշխանություններ, արտահայտում են այն հատվածի ձայնը, որն իրենց ընտրել է: Նրանք՝ այդ ընտրահատվածը չեն ընտրել ՀՀ վարչապետին: Հարցը վերաբերում է պրակտիկ ընկալմանը՝ բանակցություններին արդյունավետություն հաղորդելու»: Նախարարը շեշտեց՝ դա որեւէ դեպքում չի վերացնում Հայաստանի պարտավորությունը՝ որպես բանակցային կողմ:
Երբ Ստեփանակերտում Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ եղավ, Ադրբեջանի արտգործնախարարարությունից եղավ արձագանք, որ եթե Ստեփանակերտում անվտանգության խորհրդի նիստ է անում Փաշինյանը, ուրեմն կարող է նաեւ բանակցել Արցախի անունից: Ի պատասխան՝ Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ Հայաստանը միջկառավարական տարբեր հանձնաժողովի նիստեր է անցկացրել մի շարք երկրներում ու դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է դրանից հետո բանակցել այդ երկրների անունից. «Սա եղել է համատեղ նիստ անվտանգության խորհուրդների, մենք տարբեր ձեւաչափեր ունենք աշխատելու Արցախի հետ ու շարունակելու ենք աշխատել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ