Այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանդիպման էր պատգամավորների հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս է արձագանքում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հայտարարությանը, որ սկզբունքները հնացած են, արդյոք այստեղ Արցախի եւ Հայաստանի դիրքորոշումների մեջ տարբերություն չկա՞ ու չե՞ն հակասում իրար՝ պատասխանեց. «Պարոն Մայիլյանն այդ հայտարարությունն արել է՝ որպես Արցախի Հանրապետության արտգործնախարար, ես անձամբ արտգործնախարարի հետ շարունակական աշխատում եմ, մենք աշխատում ենք, փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որն արտահայտում է այն իրականությունը, որովհետեւ սա իրապես պրակտիկ հարց է եւ Արցախի իշխանությունները եւ Հայաստանի իշխանությունները տարբեր միավորներ են: Մենք երբեւէ չենք հրաժարվել ու չենք հրաժարվում այս խաղաղության գործընթացի մեջ մեր դերակատարությունից, մեր դիրքորոշումից, Հայաստանը եղել եւ մնում է միակ երաշխավորը Արցախի Հանրապետության, մեր դերակատարությունը շատ լավ հասկանալով այս բանակցության եւ խաղաղության գործընթացին՝ մենք նաեւ շատ լավ հասկանում ենք, որ կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման եւ բանակցությունների նաեւ Արցախի մեր գործընկերների հետ, որը շատ նորմալ է»:
Ճշտեցին՝ այսինքն, այս դեպքում հայացքների տարբերությո՞ւն կա, թե՞ սկզբունքները իսկապես հնացած են՝ նա պատասխանեց. «Եթե սկզբունքները դիտարկում ենք՝ որպես շրջանակ, որի մեջ մենք աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, այդ շրջանակը գոյություն ունի, երբեւէ որեւէ մեկը չի մերժել դա, որ գոյություն ունի, բայց այդ շրջանակի շատ կարևոր է մեկնաբանումը, համադրումը մոտեցումների, դիրքորոշումների եւ պարտավորությունների համադրումը, որովհետեւ եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն եւ եթե սպասվում է, որ մի կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու: Եվ այդ առումով շատ հաճախ մեզ հարց էր գալիս, թե որքանո՞վ է Հայաստանը զիջում, չի՛ կարող լինել նման երեւույթ, չի՛ կարող, չի՛ աշխատելու: Նույնիսկ եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա պարզ չի աշխատելու՝ անկախ նրանից, թե այդ մարդը որտեղ է գտնվում: Մենք ընդգծել ենք հստակ կարեւոր մի սկզբունք՝ ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն եւ նման 150 հազար կոնկրետ մարդկանց ու իրենց անվտանգության համապարփակությունը մնում է ամենակարեւոր սկզբունքային խնդիրը: Մենք ունե՞նք իրավունք խոսելու իրենց ֆիզիկական էքզիստենցիալ անվտանգության մասին, այո՛, ունենք եւ նաեւ այդ պարզաբանումը մեկնաբանվել է մեր կողմից ու դրանից բխող ստատուսի հարցը: Սա է հիմնական մոտեցումը, որ վերաբերում է պարտավորությունների համադրմանը, որտեղ էական հարց կա՝ պահպանել այն, ինչը վերաբերում է համապարփակությանը՝ մարդկանց անվտանգության, կյանքի անվտանգության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ