Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն օրերս սոցցանցի իր էջում գրել էր. «Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50 հազար դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30 հազար դրամ»:
Մարզպետը նշել էր, որ քրեական գործ է հարուցվել: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նա դառնալով դեպքին՝ նշեց. «Այս պահի դրությամբ մի դեպքի մասին է խոսքը, բայց որպես մարզպետ տեղյակ եմ, որ չարաշահումները շատ են: 50 հազար դրամի փոխարեն փոխանցվել է 30 հազար, կեղծվել է գումարը ստացողի ստորագրությունը: Այդ գումարը գողացվել է ապրիլյան պատերազմի մասնակից-սպայի ընտանիքին հատկացվող գումարից»:
Անդրեյ Ղուկասյանը չցանկացավ բացահայտել, թե իր ենթադրությամբ՝ ո՞վ է նման բան արել. «Ապագայում անունը կհրապարակեմ, որպեսզի բոլորն իմանան, թե ով է ապրիլյան պատերազմի մասնակցից գումար գողացել: Քննությամբ պարզվել է՝ ընտանիքի անդամը հայտնել է, որ ստացել է ոչ թե հիսուն, այլ երեսուն հազար դրամ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(Ենթադրյալ հանցանք կատարած անձը համարվում է անմեղ, քանի դեռ չկա դատարանի՝ ուժի մեջ մտած որոշում)