Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գտնում է, որ երեկ Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման ժամանակ իրավապահների գործողությունները եղել են իրավաչափ: Այսօր «Հոդված 3» ակումբում պարոն Իշխանյանն ասաց. «Ուժ կիրառվել է իհարկե, բայց ինչ-որ եղել է նախորդ շրջանում, այդպես չի եղել: Ավելին, երբ բերման էին ենթարկում մարդկանց, սպաները մոտենում էին եւ նայում, որ հանկարծ ուժ չկիրառեն: Այսինքն՝ ինչ եմ ուզում ասել, փողոցի բացվելը իրավաչափ չէր, բայց ուժի կիրառումը իրավաչափ էր»:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը, որը նույնպես ներկա էր Օպերայի մերձակա տարածքի սրճարանների ապամոնտաժման թեմայով քննարկմանը, ասաց, որ համամիտ չէ թե բոլոր ոստիկաններն էին օրենքի շրջանակներում գործել: Ըստ նրա, եղել են այնպիսիները, որոնք քաղաքացիների նկատմամբ «լկտի» պահվածք են դրսեւորել:
«Ուժի կիրառումը բիրտ չէր, բայց կային ոստիկաններ,որ սովոր էին նախկին իշխանությունների ժամանակ ժողովրդի հետ վերաբերմունքին եւ շատ լկտի էին իրենց պահում»:
Անի Խաչատրյանի խոսքով, թե՜ մարդկանց նկատմամբ հարգանքի առումով, թե խոսելաձեւով «շատ վատ է իրեն պահել» ՊՊԾ գնդի հրամանատարը:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը հակադարձեց Անի Խաչատրյանին. «Քաղաքացիները այնպիսի հայհոյանքներ էին տալիս, որ մարդկանց հունից հանում էին: Քաղաքացիների հարցին՝ էս ո՞վ են սրանք, թող ստեղից գնան, ասում էինք, որ նրանք ոչ եկել են ձեզ պաշտպանեն, ոչ՝ վնասելու»:
Ավետիք Իշխանյանը նկատեց, որ լրատվամիջոցներն այս անգամ ավելի ազատ աշխատեցին, ինչը բացակայում էր նախկին իշխանությունների ժամանակ:
Պարոն Իշխանյանը վստահեցրեց, որ հանրային մյուս տարածքների վերաբերյալ էլ է նույնպիսի պահանջ ներկայացնելու. «Եթե քաղաքապետարանը չի ներկայացնելու հստակ գրաֆիկ ոչ միայն Օպերայի տարածքի, այլեւ նաեւ Օղակաձեւ զբոսայգու, Զանգվի ձորի տարածքի բոլոր սրճարանների ապամոնտաժման մասին, ապա, դա նշանակում է, որ սա ընտրովի է: Եվ, ես պահանջելու եմ ապամոնտաժել բոլորը: Եվ ես կուզեի,որ դա շատ արագ ներկայացվեր՝ժամանակացույցով: Ես համամիտ եմ, որ դա պետք է լինի երկխոսությամբ, տարբեր առաջարկներով»:
Ավետիք Իշխանյանի կարծիքով, այդ որոշումները, որոնք ոչ այնքան պատշաճ քննարկում են անցել, հեղափոխական ինքնավստահության հետեւանք են, որը սակայն, գործելու է ի վնաս քաղաքական ուժի:
«Եթե դուք մտածում եք ձեր քաղաքական իմիջի մասին, միայն ասելով, որ մենք լավն ենք, դա բավարար չէ: Եվ, այդ տեսակետից, պետք է թեկուզ մի փոքր երկարատեւ զրույցներով, քննարկումներով, առաջարկություններով հարցերը լուծվեն, քան թե դանակի մի հարվածով»:
Հայկ Հովհաննիսյանի խոսքով, իրենց թիմը չի գործել անօրինական դաշտում եւ շարժվել է հանրային գերակա շահի օգտին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ