Ինչպես տեղեկացրել ենք, այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանդիպման էր պատգամավորների հետ: Հանդիպումը փակ էր, այն տևեց մոտ 3 ժամ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ արդեն հստա՞կ են ժամկետները Փաշինյան-Ալիեւ հանդիպման եւ կարո՞ղ ենք ասել, որ բանակցությունները հենց մադրիդյան 3 սկզբունքների 6 տարրերի շուրջ են լինելու, ինչի մասին հայտարարեցին համանախագահները՝ պատասխանեց.«Ինչ վերաբերում է հանդիպմանը կա մշակույթ, որ մենք համաձայնեցնում ենք, ավարտում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք, այդ պահը դեռեւս չի եկել, որ մենք հայտարարենք: Այստեղ միմյանց հարգելու խնդիր է կողմերի միջեւ, մենք միաժամանակ հայտարարում ենք հանդիպման ժամկետի եւ վայրի մասին»:
Ինչ վերաբերում է սկզբունքներին՝ նախարարն ասաց. «Մենք գնում ենք օրակարգով, որը արտահայտված է շատ հստակ, ինչը կա վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցված ելույթում: Այդ մոտեցումների շուրջ եւ այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավել երկխոսության մեջ եւ շարունակել այն ընթացքը, որ մենք ունենք»:
Երբ ճշտեցին՝ այսինքն, խոսքը մադրիդյան սկզբունքների մասի՞ն է՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ինչի՞ եք այդպես ասում: Մենք ասում ենք, որ մենք ունենք այնտեղ տարբեր հարցեր եւ դուք նկատի ունեք 3 սկզբունքները եւ 6 տարրերը, կա ձեւավորված բանակցային շրջանակը եւ այդ 3 սկզբունքներն ու 6 տարրերը, հիշում եք՝ վարչապետը Ստեփանակերտում ասել է, որ կարեւոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանում ու ինչպես են դրանք ընկալվում: Մենք հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար ստատուսի եւ անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն ձեր ասած 3 սկզբունքների եւ 6 տարրերի նշված փաստաթղթում, որոնք հայտնի են եւ որոնք հիշեցրեցին նաեւ վերջերս: Այդ առումով գիտեք որքան հստակ ենք մենք եղել մեր մոտեցումներում, որոնք առաջին հերթին վերաբերում են ստատուսին եւ անվտանգությանը, գիտեք ավելի արդիական եւ ավելի արդունավետ աշխատելու առումով ինչ նշանակություն ունի ԼՂ-ի ներգրավվածության եւ որոշիչ ձայնի հարցը: Մենք նշել ենք, որ սա ոչ թե պետք է դիտվի նախապայման, այլ՝ արդյունավետությանն ուղղված գաղափար, մոտեցում: Ինչպես նաեւ մենք անդրադարձել ենք հարցերին, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին ու գիտեք, որ վարչապետը արտահայտվել է բավականին համարձակ այդ առումով եւ բնական է, որ խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը դա մնում է օրակարգում: Այո, վարչապետն ունեցել է համարձակություն ասելու այն, ինչ ասել է: Ինչ վերաբերում է Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու, ձեւավորվելու մասին, արտահայտվել է եւ բնական է, որ դա միակողմանի ճանապարհ չի կարող լինել: Եթե մենք իրապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը յուրաքանչյուր կողմից պետք է լինի: Մենք այս հարցերը եւ մնացած հարցերը արտահայտել ենք միասնական փաթեթի մեջ՝ մեկը մյուսից ոչ տարանջատած»:
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ միեւնույն ժամանակ հասկանում են, որ մեր կողմից առաջ քաշված նոր գաղափարներ կան. «Երբ գոյություն ուներ 20 տարվա ձեւավորված ձեւաչափ եւ տարբեր գաղափարներ, որ ձեւավորվել են նաեւ այն ժամանակ, մենք փորձում ենք այս մեր նոր մոտեցումներով եւ նոր տրամադրվածությամբ ու վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որ կարողանանք արդյունավետ առաջ գնալ բանակցություններում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ