Կոտայքի մարզի որոշ գյուղապետերի հանդեպ այս պահին 3-4 քրեական գործ է հարուցված. ընթանում է նախաքննություն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Քրեական գործ է հարուցված Պտղնի համայնքի, Նոր Գեղիի նախկին համայնքապետի հանդեպ»,-նշեց մարզպետը՝ չցանկանալով բացահայտել նախաքննական գաղտնիք համարվող մանրամասները:
Նա միայն նշեց, որ քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացումների, չարաշահումների դրվագներով. «Ինձ թույլ տամ ասել, որ այդ համայնքապետերը չարաշահումներ են թույլ տվել նախորդ շրջանում, երբ տարածքային կառավարման ինստիտուտները չեն գործել. մարզպետը չի իրացրել իր գործառույթը եւ համայնքապետերի հետ գտնվել է «բիզնես-անձնական շահ» հարաբերությունների տիրույթում: Տասնամյակներով պաշտոնավարած համայնքապետի երեք տարվա աշխատանքն ուսումնասիրելուց միայն ահռելի փաստեր ենք հայտնաբերում: Պատկերացնո՞ւմ եք՝ որքա՞ն վնաս է տրվել համայնքին»:
Ռոմանոս Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ Նոր Գեղիի ավագանին մերժել է իր առաջարկը՝ Ֆրոնտիկ Թեւոսյանի անվան փողոցը վերանվանելու վերաբերյալ: Մարզպետը պատրաստվում է ավագանու որոշումն առաջիկա օրերին վիճարկել դատարանում:
Հիշեցնենք՝ Նոր Գեղիի նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանը մամուլի ուշադրությունը գրավել էր այն փաստով, որ իր անվամբ էր կոչել գյուղի գլխավոր փողոցն ու երաժշտական դպրոցը: Իսկ թե ինչ նոր անուն է մտածել Ռոմանոս Պետրոսյանը, նա շեշտեց, որ դա բնակիչների առաջարկներից է բխում, իսկ ինքը կարող է առաջարկել «Քաղաքացու պողոտա» կամ «Ազատության փողոց» անունները:
https://www.facebook.com/aravot.am/videos/592021461203363/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ծաղրանկարը՝ http://medialab.am-ի