Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրության կեսը կողմն է պաշտոնյաների ֆեյսբուքյան ուղիղ եթերներին, կեսը՝ դեմ

Մարտ 15,2019 14:35

«Առաջին անգամ արձանագրել ենք, որ հարցվածների 58,9 տոկոսն իր համար առաջնային տեղեկատվություն ստանալու աղբյուր է համարում ինտերնետը,- «Մեդիա կենտրոնում» «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում- 2019» հետազոտության արդյունքների ներկայացման ընթացքում հայտարարեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը ՀՀ մարզերի 1150 բնակիչների շրջանում իրականացրել է հարցում՝ պարզելու՝ որո՞նք են Հայաստանի բնակչության համար տեղեկատվության ստացման առաջնային աղբյուրները, Հայաստանի համար կարևոր իրադարձությունների մասին տեղեկանալու համար բնակիչներն օգտվում են Ֆեյսբուքի՞ց, հեռուստատեսությունի՞ց, օնլայն ԶԼՄ-ների՞ց, թե՞ այլ աղբյուրներից: Լաուրա Բաղդասարյանը մանրամասնեց. «Հարցումն անցկացվել է 19 քաղաքներում և 34 գյուղերում: Առաջին անգամ արձանագրել ենք, որ հարցվածների 58,9 տոկոսը հայտարարել է, որ իրենց համար առաջնային տեղեկատվություն ստանալու աղբյուր է ինտերնետը, երկրորդ տեղում է հեռուստատեսությունը՝ 35,7 տոկոս: Ռադիոն և տպագիր թերթերն էականորեն զիջել են իրենց դիրքերը ինֆորմացիոն այնպիսի աղբյուրներին, ինչպես, օրինակ, հարազատները, ընկերներն ու հարևաներն են»:

Ըստ հարցման արդյունքների՝ բնակչության 66 տոկոսը ՀՀ-ի մասին տեղեկություն է ստանում սոցիալական ցանցերից, երկրորդ տեղում հեռուստատեսությունն է և 3-րդ տեղում օնլայն լրատվամիջոցները: Ռադիոն և տպագիր թերթերը վերջին տեղում են:

Ինտերնետից օգտվողների շարքում առաջին տեղում 18-20 տարիքային խումբն է, 30-49 տարեկանների մոտ կեսն օգտագործում է հեռուստատեսություն, կեսը՝ ինտերնետ, հիսուն և ավելի տարիքի քաղաքացիների մոտ որքան տարիքային շեմը բարձրանում է, այնքան հեռուստատեսությունից օգտվելու փորձառությունն ավելի մեծ է:

Ըստ հարցման արդյունքների՝ միջին և ցածր սոցիալական մակարդակի բնակիչները բոլորն ասում են, որ սոցցանցերից ավելի շատ են օգտվում, քան հեռուստատեսությունից և օնլայն ԶԼՄ-ներից:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ ամենաշատ օգտագործվող սոցիալական ցանցը ֆեյսբուքն է՝ 73 տոկոս, երկրորդ տեղում ինստագրամն է՝ 30,3 տոկոս, երրորդում՝ օդնոկլասնիկին: Եվ էականորեն քիչ մարդ՝ 4,3 տոկոս, օգտվում է թվիթերից: Լաուրա Բաղդասարյանն ասաց՝ կան մեդիա նիհիլիստներ, որոնք բացառապես ֆեյսբուքից են տեղեկություն ստանում:

Դառնալով պետական քաղաքական գործիչների ֆեյսբուքյան ուղիղ եթերների օգտակարությանը՝ հարցվածների 8.3 տոկոսը դա շատ օգտակար է համարել, 45.4 տոկոսը՝ օգտակար: Ժխտական վերաբերմունք է ցուցաբերել բնակչության 41.4 տոկոսը:

Հարց է եղել նաև քարոզարշավին հետևելու վերաբերյալ: Բնակիչների 25 տոկոսը հետևում է քարոզարշավին, 8 տոկոսը՝ ոչ: Լաուրա Բաղդասարյանը մանրամասնեց. «Զուտ քարոզարշավային բաղադրիչների նկատմամբ բնակիչներն ունեն նիհիլիստական՝ մերժողական վերաբերմունք: Պաստառներ, նկարներ և այլն, անգամ ֆեսբուքյան ուղիղ եթերները քարոզարշավի ժամանակ այդքան մեծ նշանակություն չունեն բնակիչների համար»:

Հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտաք ԶԼՄ-ներին, Լաուրա Բաղդասարյանը պատասխանեց. «Գլխավոր եզրակացությունն այն է, որ ինտերնետը որպես ինֆորմացիա ստանալու առաջնային աղբյուր առաջ է անցել հեռուստատեսությունից: Սա հետաքրքիր ազդակ կարող է լինել լրագրողների համար: Եթե հեռուստատեսությունն ուզում է սոցցանցերի հետ այս մրցակցությունը հաղթել, բավականին արմատական և լուրջ բարեփոխումներ պիտի կատարվեն: Հեռուստատեսությունը բացարձակ ադապտացված չէ ինտերնետում գոյություն ունենալու պահանջմունքին: Մեր հեռուստատեսային ընկերությունների կայքերը բացարձակ հարմար չեն ինտերնետ օգտագործողների համար: Նրանց կայքերը լավագույն դեպքում արտացոլում են եթերային կոնտենտները: Մեզ թվում էր՝ օնլայն լրատվամիջոցներն իրենց ուղիղ եթերներով, ինֆորմացիան տալու արագությամբ ավելի առաջ են հեռուստատեսությունից, բայց բնակչության հարցումները ցույց տվեցին, որ, այնուամենայնիվ, օնլայն ԶԼՄ-ները զիջում են հեռուստատեսությանը»:

Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ հանրության վերաբերմունքը Հանրային հեռուստատեսության նկատմամբ փոխվել է. «Բանավիճային հաղորդումների, որոնք սկսվեցին նախընտրական շրջանից, լրատվական հաղորդումներում սովորական մարդկանց ձայնն ավելի լսելի դարձնելու շնորհիվ փոխվել է մարդկանց վերաբերմունքը Հանրայինի նկատմամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031