Երեւանի պետական համալսարանի գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն ազատվել է աշխատանքից:
Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանն ընդամենը հետեւյալը փոխանցեց. «Գեղամ Գեւորգյանն ազատվել է պրոռեկտորի պաշտոնից` ռեկտորի հրամանով, անվստահության պատճառով»:
Կապվեցինք նաեւ պարոն Գեւորգյանի հետ ու հարցրինք, թե իրականում ինչու են իրեն ազատել աշխատանքից:
«Ֆորմալ առումով պատճառը չվստահելն է, իսկ չվստահելու հիմքն այն է, որ ենթադրում են, թե կարող է ռեկտոր դառնամ»,-ասաց ԵՊՀ ազատված պրոռեկտորը:
Երբ նրան հիշեցրինք, որ 2006 թ ինքը եղել է ԵՊՀ ռեկտորի տեղի համար անցկացված մրցույթին մասնակցած 4 թեկնածուներից մեկը, Գեղամ Գեւորգյանը պատասխանեց. «Ի՞նչ անենք, որ նախկինում էլ մասնակցել եմ մրցույթին: Եթե մարդկանց դատեին իրենց ցանկությունների համար, ինձ վրա այնքան հոդված կարելի էր դնել, անգամ կարելի է նստեցնել… Հիմա դեռ չգիտեմ, թե ինչ պետք է անեմ, բայց մի բան հաստատ կանեմ»:
Հարցրինք նաեւ կշարունակի՞ դասավանդել Երեւանի պետական համալսարանում: «Ես հիմա էլ քառորդ դրույքով պրոֆեսոր եմ, գիտական խմբի ղեկավար եմ, դրամաշնորհի ղեկավար եմ, համալսարանից դուրս չեմ եկել եւ հույս ունեմ, որ ընդհանրապես դուրս չեմ գա»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Նաեւ հարցրինք, թե իր` պրոռեկտոր մնալը հատկապես ո՞ւմ ձեռնտու չէր: «Ի՞նչ իմանամ…Մի մասին ձեռնտու էր, մի մասին` ոչ…Աշխատանքի ընթացքում ես նման հարցերով ընդհանրապես չեմ հետաքրքրվել, թե իմ մնալն ում է ձեռ տալիս»,-ասաց Գեղամ Գեւորգյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ