Հարավային Կովկասում բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, բայց մեզ համար ցավոտ է Լեռնային Ղարաբաղի համագործակցությունը Վրաստանի օկուպացված տարածքների հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
«Մենք, ինչպես և դուք, կարծում ենք, և դա մեր անվարան դիրքորոշումն է, որ այդ հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Մենք այդ քաղաքականության հետևորդ ենք, այն չենք փոխում և չենք կարծում, որ տարածաշրջանում կա դրան այլընտրանք: Այն ամենը, ինչ սրում է այդ հակամարտությունները և բարդացնում դրանց լուծումը, հակասում է մեր տարածաշրջանի շահերին: Այդ հակամարտությունների լուծման միակ ճանապարհը մեր առավել բարձր մակարդակի գործընկերների քաղաքական միջամտությունն է»,- ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահը «տխուր» է անվանել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը համագործակցում է Սուխումի և Ցխինվալի հետ: Նրա խոսքով՝ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը հակամարտությունների հարցերով շատ կարևոր է:
«Դուք նաև հիշատակեցիք մեր համագործակցությունը հակամարտությունների հարցով, և դա շատ կարևոր է: Այդ հակամարտությունները մեր տարածաշրջանի համար ամենաշատն են սահմանափակում համատեղ առաջընթացը: Դուք գիտեք, որ Վրաստանում կան օկուպացված տարածքներ, և եթե մենք խոսում ենք երկրի շահերի մասին, մեզ համար միակ և գլխավոր շահն այն է, որպեսզի մեր երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչվի, ճանաչվի ոչ միայն բառերով, այլև փաստացի:
Այս տեսանկյունից շատ տխուր էր, որ Լեռնային Ղարաբաղից պատվիրակություններ են ժամանում Աբխազիա և «Հարավային Օսիա» և հարց են բարձրացնում, որ սրանք նույն տեսակի հակամարտություններ են և փնտրում են որոշակի համաչափություն. դա մեզ համար դա շատ տխուր է և ցավոտ: Մենք կարծում ենք, որ այստեղ բացակայում է այն բարյացակամությունը, որը պետք է լիներ մեր երկրի նկատմամբ»,- ասել է Զուրաբիշվլին:
Իր հերթին Արարատ Միրզոյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը զերծ է մնում այնպիսի հարցերով քվեարկություններից, որոնք կարող են վնասել Վրաստանի շահերը:
«Մեր ամուր և կայուն կապերը հնարավորություն են տալիս համագործակցել միջազգային ասպարեզում, որտեղ մեր կարծիքները բազմաթիվ հարցերում համընկնում են, և մենք աջակցում ենք միմյանց: Օրինակ, հայկական պատվիրակությունը զերծ է մնում քվեարկել այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են Վրաստանի շահերին վնաս հասցնելուն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Դա բխում է բոլորի շահերից»,- ասել է Միրզոյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ