Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն նշված ազգային ռազմավարությամբ հնարավորություն կստեղծվի Հայաստանի սուբյեկտության, տարածքի ու սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերին համապատասխան սկիզբ դնելու տարածաշրջանի նոր՝ հայանպաստ ճարտարապետության. «Սասնա ծռեր»

Մարտ 15,2019 13:56

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը

1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 98-րդ տարելիցի առթիվ

15 մարտի 2019 թ. 

Երևան

1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրն արձանագրեց ռուս-թուրքական ագրեսիայի միջոցով Հայաստանի Հանրապետությունը զավթելու, նրա տարածքը մասնատելու և նրան անկախությունից զրկելու հետևանքները:

Այդ պայմանագրով և նրա լեգիտիմացման նպատակով 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը կոչված էր բացառելու հայոց պետականության, հայկական սուբյեկտի վերածնունդը:
Այդ ճարտարապետությունը դարձավ այն հենքը, որի վրա կառուցվեց Հայաստանի Հանրապետության իրավազուրկ պետականակերպ մնացորդը՝ Խորհրդային Հայաստանը գաղութացնելու, ինչպես նաև հայության լայն շերտերին Ռուսական կայսրության ազդեցության տակ պահելու կառավարման համակարգը:

Ըստ էության՝ 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը` դրանից ածանցյալ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հետ միասին, հայության վերջնական հայրենազրկման և Հայոց պետականության բացառման հավաստագիր է, ուստի դրանցով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը վերանայելը պետք է դառնա մեր այսօրվա պետության կայացման մեկնակետը:

Դրանք միջազգային իրավունքին հակասող ակտեր են և իրականության մեջ իրավական ուժ չունեն, մինչդեռ Հայաստանի սուբյեկտության, տարածքի և սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերը, այդ թվում և առաջին հերթին՝ 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը և Վիլսոնյան իրավարար վճիռը, լեգիտիմ միջազգային-իրավական ակտեր են և պետք է հիմք ու ճանապարհ դառնան Հայաստանի վերջնական ապագաղութացման ու դեօկուպացիայի համար:

Այս գործընթացն արդեն սկսվել է ԽՍՀՄ լուծարմամբ և Արցախի մի մասի նկատմամբ հայկական իրավազորության հաստատմամբ: Մարզի կարգավիճակով Արցախի ներառումը ՀՀ կազմի մեջ, ապա նաև ՀՀ նկատմամբ ռազմական ագրեսիայի պլացդարմի վերածված Նախիջևանի հարցի լուծումը, նույնպես պետք է ի կատար ածվի այդ ապօրինի պայմանագրերի միջազգային-իրավաքաղաքական գնահատականի և դրանից բխող գործընթացների համատեքստում, ինչը նաև կամրագրի տարածաշրջանի հակահայ ճարտարապետության կազմալուծման հերթական փուլը:

Միևնույն ժամանակ՝ այս համատեքստում Հայաստանի սուբյեկտության, նրա տարածքի ու սահմանների վերաբերյալ իրավապատշաճ ակտերի կատարումը բավարար միջազգային-իրավական ռեսուրս է գոյացնելու մեր ազգային անվտանգության ապահովման և պետության կայացման համար:

Համոզված ենք, որ միայն նշված ազգային ռազմավարությամբ հնարավորություն կստեղծվի Հայաստանի սուբյեկտության, տարածքի ու սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերին համապատասխան սկիզբ դնելու տարածաշրջանի նոր՝ հայանպաստ ճարտարապետության:

«Սասնա ծռեր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031