Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ իր ղեկավարած մարզում ուշ ժամերին գնումներ կատարելիս որոշ տնտեսվարողների խանութներում ՀԴՄ կտրոն չեն տալիս: «Եթե չեն տալիս, ուրեմն շրջանառություն եւ հարկեր են թաքցնում: Ամենաբարձր մակարդակով բարձրացրել եմ այդ հարցը եւ պաշտոնեական լծակներով սաստել նման տնտեսվարողներին: Նույն կոչն եմ արել աշխատակազմիս, քաղաքացիներին եւ քաղաքական թիմիս (նկատի ունի՝ «Իմ քայլ»-ին)»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Հարցին՝ «վարչապետ Նիկոլ Փաշինյանի մատնանշած տնտեսական հեղափոխությունը հասե՞լ է Կոտայքի մարզ», Ռոմանոս Պետրոսյանը դրական պատասխան տվեց. «Անշուշտ: Մեր մարզում այս պահին մոտ երկու տասնյակ բիզնես-ներդրումներ են իրականացվում, որոնք բանակցվել են իմ նշանակումից հետո: Տուրիզմի ոլորտում, օրինակ, հիմա երկու խոշոր հյուրանոցային-առողջարանային համալիր է կառուցվում: Աբովյանի եւ Նոր Հաճնի տարածաշրջաններում էլ ադամանդագործության արտադրատարածքներ են ընդլայնվում»:
Մարզպետի փոխանցմամբ՝ մեկ այլ էլ ներդրումային ծրագրով էլ մի քանի համայնքում ջերմոցներ են կառուցում. «Միասին այս ջերմոցներում մոտ 450 աշխատատեղ կլինի, իսկ ընդհանուր առմամբ մոտ 1500 աշխատատեղի բացում է սպասվում՝ միջինը 120 հազար դրամ աշխատավարձով»:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ