Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. «Բազմաթիվ խնդիրները, որ կա այս քաղաքի առջեւ, չեք լուծել, հենց առաջին օրը տրակտորը բերել քանդում եք». «Ժողովուրդ»

Մարտ 15,2019 12:16

Ինչպես հայտնի է, Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարաններից երկուսը ՀՅԴ-ականներինն է։ Մասնավորապես, սրճարաններից մեկը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր դաշնակցական Միքայել Մանուկյանին, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ համամասնական ցուցակը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս պատկանող սրճարանը դեռ չի ապամոնտաժվելու, որովհետեւ սրճարանի հետ կապված գործը դատարանում է։ Կարճ ասած՝ քաղաքապետարանը այս մասով սպասում է դատարանի որոշմանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղի ունեցող իրադարձությունների մասին զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

– Պարոն Սաղաթելյան, տեղի ունեցող իրադարձությունների մասին ի՞նչ կարծիք ունի «Դաշնակցությունը»։

– Քանի որ դա մեծ քաղաքական հարց չէ, այս պահին նման խնդիր չկա պաշտոնական կարծիք հայտնելու, բայց երևույթը, իհարկե, մտահոգիչ է մեզ համար։ Ու նաեւ քաղաքացիների դժգոհությունը ու նաեւ ոստիկանության ձեռնարկած քայլերը, եւ հայտնի է այս ամենի պատճառը։ Մեր քաղաքում առաջնահերթության կարգով բազում-բազում խնդիրներ կան։ Այսինքն՝ այդ ամեն ինչը թողնել միանգամից, մտածել Օպերայի տարածքի սրճարանները հանելու եւ քանդելու մասին, այս տրամաբանության մեջ չի տեղավորվում, եւ, բնականաբար, մարդիկ սոցիալական խնդիր ունեն, աշխատատեղերի խնդիր ունեն, եւ դժգոհությունը շատ հասկանալի է մեզ համար։

– Այսինքն՝ այս փուլում Դուք բողոքողների տեսակե՞տն եք պաշտպանում։

– Նրանց տեսակետը մեզ համար հասկանալի եւ ընդունելի է, որովհետեւ մարդիկ պատճառաբանություններ են հնչեցնում: Նախ՝ ներդրումների խնդիր կա։ Մարդկանց պետք է ժամկետ տան։ Աշխատատեղերի խնդիր կա, ներդրումները հետ բերելու խնդիր կա։ Եթե նախկինում նման բաներ են տեղի ունեցել, մեկ օրվա մեջ գալ, ասել՝ ամեն ինչ քանդում ենք, եւ դրանով փակում ենք բոլոր հարցերը, եւ դրա կողքին խոսել երկիր բերվող ներդրումներից, տնտեսությունը խթանելուց, սա չի ընկալվում այս տրամաբանության մեջ։ Երբ որ քաղաքային իշխանությունը իր առջեւ դրված խնդիրների մեծ մասը կիրականացնի, կգա, կհասնի այդ տարածքներին, դրանով էլ կզբաղվի, եւ այդ դժգոհությունը չի լինի։ Քաղաքացիները պարզ մի բան են ասում՝ բազմաթիվ խնդիրները, որ կա այս քաղաքի առջեւ, չեք լուծել, հենց առաջին օրը տրակտորը բերել քանդում եք։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031