Մի քանի օր է արդեն, ինչ սկսվել է Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումը, որը, մի կողմից, հարուցել է գործազուրկ դարձած աշխատակիցների զայրույթը, մյուս կողմից՝ ստացել քաղաքացիների մեծամասնության աջակցությունը՝ Օպերային վերադարձնել իր նախկին կանաչապատ տեսքը։
Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը դրական է գնահատում Օպերայի տարածքը սրճարաններից ազատելու գործընթացը։ «Այսօր գնացի նայեցի, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, չնայած մարդկանց բողոքը կարելի է հասկանալ, բայց էդ բողոքն ավելի շատ պետք է վերաբերի քաղաքապետարանի նախկին աշխատակիցներին, որոնք, առանց երկար մտածելու, ժամանակին թույլտվություն են տվել։ Այդ սրճարանները, իհարկե, իրենց դերը կատարում են, բայց այդ տարածքում չափից շատ են, ամեն ինչ չափի մեջ է լավ»,- ասում է նա ու նկատում, որ պետք չէ ամբողջությամբ Օպերայի տարածքը մաքրել սրճարաններից, կա 2-րդ գոտին, որը կծառայի այդ նպատակին. «Առաջինը կմաքրեն, 2-րդ գոտին կմնա, եւ այդ սրճարանները կաշխատեն մարդկանց համար։ Ուրիշ բան, որ հետագայում կարող է այդ բոլոր սրճարանները մաքրվեն, բայց հիմա դրա կարիքը դեռ չկա։ Այն, ինչ անում են, այդքանը բավական է, եւ լավ է, որ անում են»։
Հնարավոր կլինի՞ Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղի վրա կանաչ տարածք ապահովել եւ հաստաբուն ծառեր տնկել։ Պողոսյանն ասաց. «Այո, ավտոկայանը բոլորովին կապ չունի ծառերի հետ, ավտոկայանը կառուցված է այն մասի տակ, որտեղ ասֆալտապատ տարածքն է, եւ այնտեղ, որտեղ հիմա քանդում են սրճարանները, դրա տակ ավտոկայանատեղի չկա, եւ հանգիստ կարելի է ծառերը վերականգնել»։
Պողոսյանը կարծում է, որ քաղաքապետարանի այս նախաձեռնությունը Երեւանի բնակչությունը պետք է հասկանա եւ ընդունի, որովհետեւ այդ անորակ շինությունները, սրճարանները կառուցվեցին մարդկանց հանգստի գոտու հաշվին. «Բնակչությունը կարիք ունի ազատ հասարակական տարածքների, որտեղ մարդը կարող է նստել, խոսել, զրուցել՝ առանց սրճարան գնալու։ Պետք է մաքրել նաեւ այն բոլոր մայթերը, որոնք հիմա զբաղված են սրճարաններով, մի հատ անցեք Բայրոնի փողոցով, որն ընդհանրապես փակել են շատ լկտի ձեւով՝ սրճարաններ կառուցելով։ Չի կարելի նման բան անել, մյուս բնակիչները նույնպես մարդ են եւ իրավունք ունեն այնքան, ինչքան սրճարանի տերը, որը կառուցել է դա։ Չի կարելի միակողմանի հարցին նայել։ Իհարկե, կարելի է այդ մարդկանց հասկանալ՝ աշխատանքից, եկամտից են զրկվում, բայց ավելի շատ այդ տերերն են եկամտից զրկվում, ոչ թե աշխատողները»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
իսկ «տէրերը», առեւտրական հաստատութիւնը հիմնողները, գործեր հայթայթողները, կարեւոր չէ՞ որ զրկուին իրենց դրամագլուխի եկամուտէն
լաւապէս լսում են այդ երկրում ներդրում կատարելու մասին մտածողները, մերսի…