Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեւորգ Պապոյան. «Եթե անկեղծ՝ ես անձամբ կողմ եմ մի քիչ ավելի ռադիկալ փոփոխությունների, որովհետեւ մեր պետական համակարգն այսօր  արդյունավետ չի աշխատում». «Հրապարակ»

Մարտ 15,2019 11:19

Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծը երեկ էլ չէր ներկայացվել Ազգային ժողով։ Մի քանի ամիս է՝ հարցն այս օրակարգ է բարձրացել, սակայն նախագիծն ուշանում է։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը վստահեցրեց, որ առաջիկա օրերին այն կհասնի խորհրդարան, ավելին՝ հայտարարեց, որ 10 հազար պետաշխատողների կրճատման հարցը կեղծ օրակարգ է, որը, պատգամավորի խոսքով, հատուկ դրվել է շրջանառության մեջ։

– Պարոն Պապոյան, ինչո՞ւ է ուշանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը, ի վերջո, հայտնի է, թե ինչ լուծումներ են լինելու, եւ որքան մարդ է դուրս մնալու պետական համակարգից։

– Առաջին փուլով մոտավորապես 40 հոգու մասին է խոսքը, երկրորդ փուլով դա կարող է հասնել 300-350 աշխատակցի, երկու փուլերում էլ մոտեցումը լինելու է այն,  որ ոչ թե ասելու են՝ դու դուրս արի աշխատանքից, լավ չես աշխատում, այլ մրցույթ է հայտարարվելու այդ պաշտոնի համար, եւ լավագույններն են մնալու։ Եթե անկեղծ՝ ես անձամբ կողմ եմ մի քիչ ավելի ռադիկալ փոփոխությունների, որովհետեւ մեր պետական համակարգն այսօր  արդյունավետ չի աշխատում։

– Ստացվում է, որ մի քանի մարդու համար նախարարություններ են միացվելու, այսինքն՝ խնդիրը մի քանի նախարարական ու հայեցողական  պաշտոնյաներն էին։ 

– Գիտեք, կառավարությունը  որոշակի սահունություն է դրսեւորում, որպեսզի սոցիալական խնդիր  չառաջանա։ Այստեղ սոցիալական բաղադրիչն է կարեւորվում։  Բայց, կրկնում եմ, գլոբալ առումով մենք պետք է գնանք իմ ասած ուղղությամբ, հաղթահարենք այդ անդունդը, որովհետեւ մենք ունենք ուռճացված պետական համակարգ, որը մեկ օրում չէ այդպես եղել, երկու տասնամյակի ընթացքում այն կոնկրետ մարդկանց միջոցով, կոնկրետ քայլերով է ուռճացվել, կոալիցիաների արդյունքում փոխնախարարների, փոխմարզպետների ինստիտուտն այնքան է ուռճացվել, այո, շատ ճիշտ եք ասում՝ դա միայն այսբերգի վերեւի մասն է, բայց այն ունի նաեւ ներքեւի հատված, այդ մարդիկ իրենց հետ բերել են մարդիկ, ընդ որում՝ այդ մարզպետներն ու փոխմարգպետները գնացել են, բայց իրենց բերած այդ «ներքեւի» մարդիկ մնացել են։

Իմ կարծիքով՝ պետական ապարատում ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ պետք են շատ բարձր որակավորում ունեցող մարդիկ, մինչդեռ մասնավորում աշխատավարձերը բարձր են, քան պետականում, օրինակ՝ բիզնեսի թոփ մենեջերների աշխատավարձն ավելի բարձր է, քան փոխնախարարների աշխատավարձը, եւ բնական է, որ բարձր որակավորում ունեցող մարդը չի գա պետական ապարատ եւ կմնա մասնավոր սեկտորում, որտեղ մի քանի անգամ ավել են վճարում։ Կա 2 ճանապարհ՝ կա՛մ դու առանձին գումար ես հատկացնում այդ մարդկանց, այս դեպքում խնդիր է՝ դու քո բյուջետային ծախսերը պետք է մեծացնես այլ ոլորտի հաշվին, կա՛մ որոշակի կրճատումների շնորհիվ որոշակի միջոցներ խնայել եւ ներգրավել բարձր որակավորում ունեցող մարդիկ։

– Դուք ասացիք, որ ընդամենը 300-350 մարդ է կրճատվելու, բայց շաբաթներ առաջ հրապարակվել է վարչապետին ուղղված ֆինանսների նախարարի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրությունը, որով առաջարկում են կրճատել պետական համակարգում աշխատող 10 հազար աշխատողի, քանի որ նրանք «հավելյալ արժեք չեն ստեղծում», եւ կրճատումը կբխի պետական շահից։

– 10 հազարը կեղծ օրակարգ է, 10 հազար մարդ չի կարող կրճատվել․ մի պետական համակարգում, երբ աշխատում է 18 հազար մարդ, 10 հազարի կրճատվելու դեպքում պետական համակարգը կպարալիզացվի, եւ 10 հազար մարդու կրճատվելու մասին որեւէ խոսք չկա, մոռացեք այդ թվի մասին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031