«Օպերայի հարևանությամբ գործող բոլոր սրճարանները պետք է ապամոնտաժվեն։ Քաղաքապետարանը պետք է հաստատակամ լինի իր որոշումներում և գնա մինչև վերջ։ Տարածքը սրճարանապատվել է ապօրինաբար, և ապօրինությանը պետք է վերջ դնել»,- ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։
Նա պատմեց, որ տարիներ առաջ, երբ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ խոսել է և հարցրել, թե ինչ են անում, ինչպես են հանրային տարածքը նման կարգով տալիս սրճարանների սեփականատերերին, պատասխան է ստացել, որ վախենալ պետք չէ։ «Նա պատմեց, որ իրենք այնպես են անում, որ այս մարդիկ սեփականության իրավունք չունենան, և քաղաքապետարանը երբ ուզի՝ կքանդի դրանք։ Ես էլ հակադարձեցի՝ չէ որ մարդիկ ներդրումներ են անում, փողեր են ծախսում այդ սրճարանների վրա։ Ու քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց՝ դե, եթե խելք չունեն, թող ծախսեն։ Սա է եղել նախկինների մտածելակերպը։ Իսկ հիմա, երբ կա պատրաստակամություն վերականգնելու նախկին տեսքը, ապա դա ողջունելի է։ Այդ տարածքները ընդհանուր օգտագործման տարածքներ են։ Քաղաքը պետք է իր դիմագիծն ունենա, իր հմայքն ունենա, իսկ քաղաքացին իրավունք ունի զբոսնելու այգիներում ու պուրակներում»,-ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ հիմա, երբ այդ ֆոնի վրա անձնական հարցեր են բարձրացվում, վիրավորական հայտարարություններ են հնչում, դա սխալ է։ «Կամ իրենք խնդիրը չեն հասկանում, կամ էլ հասկանում են, բայց չհասկանալու են տալիս։ Մի բան ակնհայտ է, իրենք խաբված են, բայց և խաբված լինելով հանդերձ՝ իրենց համարել են արտոնյալ և Օպերայի այգում հսկայական սրճարաններ են կառուցել ու միլիոններ վայելել։ Դե, հիմա էլ թող հաշտվեն, որ չեն լինելու այդ միլիոնները։ Ես լիովին համակարծիք եմ քաղաքի գլխավոր ճարտարապետի գործողություններին։ Քաղաքի դիմագիծը չի կարելի աղավաղել, իսկ աղավաղվածն էլ պետք է վերականգնել։ Որոշումը պետք է լինի վերջնական»,- ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ Օպերայի տարածքը մաքրելուց հետո քաղաքապետարանը պետք է անցնի այլ հանրային գոտիների մաքրմանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: