ԵՐԲ ԵՍ Ու ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՕՊԵՐԱՅՈւՄ ԿԵՆԴԱՆԻ ՎԱՀԱՆ ԷԻՆՔ ԿԱՆԳՆԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՑՈւՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ, Ո՞ւՐ ԷԻՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ
Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի, և ես ու իմ ընկերները կենդանի վահան դարձանք ցուցարարների և ոստիկանների միջև, զարմանալիորեն ես այդ տարածքում որևէ քաղաքացիական ակտիվիստ, որ նախկինում կգար ու կպառկեր ասֆալտին և թույլ չէր տա, որ քաղաքացու հանդեպ ոչ իրավաչափ ուժ կիրառեն` չտեսա: Մի երկուսն էլ որ կային` հեռվից դիտորդություն էին անում ու մեղադրում էին ցուցարներին: Ո՞ւր էիք դուք, երբ ոստիկանը ոտքերով հարվածում էր քաղաքացուն, և լավ է, որ այսօր ոստիկանապետի հրամանով այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են:
Երեկ մենք այնտեղ էինք ոչ որպես արբիտր, որ որոշեինք՝ ով է իրավացի` քաղաքապետարա՞նը, թե՞ ցուցարարները: Երեկ մենք այնտեղ էինք, որ մեզանով կանխենք բախումները, որպեսզի շատ ավելի վտանգավոր զարգացումներ չլինեն:
Ու զարմանալիորեն նախկին քաղակտիվիստներից, որոնց մի մասը հիմա խորհրդարանում է, իսկ մյուս մասը չգիտեմ ուր, մարդ չկար: Երեկ պետք չէր լիներ «կողմ» ու որոշել՝ ո՞վ է իրավացի` քաղաքապետարանը, թե մարդիկ, ոչ սրճարանների սեփականատերերը, սովորական մարդիկ, ովքեր պայքարում էին իրենց աշխատատեղը չկորցնելու համար: Երեկ պետք էր ընդամենը լինել ոստիկանների և ցուցարարների արանքում` բախումը կանխելու համար:
Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ