Գործադիրին առնչվող ամենափոքր փոփոխության համար կառավարությունը համապարփակ հիմնավորումներ է ներկայացնում, սակայն կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ ընդամենը մեկ նախադասություն է շրջանառել՝ կառավարության արդունավետության բարձրացում: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ընդգծելով, որ եթե խոսում ենք կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման մասին, նախ պետք է սահմանել, թե ինչ ասել է կառավարման համակարգի արդյունավետություն:
-Այն նոր տերմին չէ,- շարունակեց մեր զրուցակիցը.– եթե բացենք, օրինակ, Համաշխարհային բանկի կայքը, կտեսնենք, որ կառավարման համակարգի արդյունավետությունը պայմանավորված է հանրային ծառայության որակով, քաղաքացիական ծառայության անկախությամբ, կառավարության կողմից քաղաքականության մշակմամբ, հայտարարված նպատակներին հավատարիմ լինելու աստիճանով և այլն: Իսկ այս պարագայում տպավորություն է, որ կառավարման արդյունավետությունը պայմանավորված է նախարարությունների թվով. 17 նախարարի հետ աշխատելն ավելի դժվար է, դրա համար էլ վարչապետն ու երկու փոխվարչապետերը գերադասում են 12 նախարարի հետ աշխատել: Արդյունավետության բարձրացման այլ հիմնավորում ես չեմ տեսել:
Արդյունավետության բարձրացման համար նախ պետք է խնդիրը հասկանալ. ինչի՞ ենք ուզում հասնել և ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնել այդ արդյունքին հասնելու ճանապարհին: Ցավոք, որևէ գերատեսչության գործառույթների հստակեցման մասին այս հրապարակման մեջ խոսք անգամ չկա:
-Կառավարման մասագետներն ասում են, թե նախարարություններն իրար միացնելու որոշումը կայացնելիս առաջնորդվել են «թարս ճանապարհով» շարժվելու տրամաբանությամբ:
-Թե ներսում ինչ գործընթացներ են տեղի ունեցել, կարելի է միայն ենթադրություններ անել, բայց այս ընթացքում տեղի ունեցած քննարկումներն այդ տպավորությունն են թողնում: Ինչու՞ պետք է ոլորտային գյուղատնտեսության նախարարությունը միավորվի մակրոպլանավորմամբ զբաղվող ընդհանրական էկոնոմիկայի նախարարությանը: Չի կարելի ոլորտային նախարարությունը միացնել ընդհանրական, պետական տնտեսական քաղաքականություն մշակող նախարարությանը: Ո՞րն է այդ նախարարությունները միավորելու բազան, տրամաբանությունը, չափանիշը, ինչո՞ւ գյուղատնտեսություն-էկոնոմիկա, այլ ոչ թե գյուղատնտեսություն-տարածքային կառավարում կամ էկոնոմիկա-ֆինանսներ: Օպտիմալացման մասնագիտական մոտեցում չեմ տեսնում:
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հոդվածն ամբղջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: