Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա: Հայտնում է Ամերիկայի ձայնը:
Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Վան Կրիկորյանի խոսքով, 2018-ը Հայաստանի համար նշանավոր տարի էր եւ այդ պետք է արտացոլվի նաեւ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ.
«Կոչ ենք անում 100 միլիոն դոլարի աջակցություն հատկացնել ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի համր։ Կոչ ենք անում եւս 10 միլիոնի աջակցություն տրամադրել Հայաստանի հետ զինված համագործակցության զարգացմանը եւ հավելյալ 20 միլիոն դոլար՝ Հայաստանում ապաստան ստացած Մերձավոր Արեւելքից փախստականներին»:
Հայ դատի հանձնախմբի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանը նույնպես ընդգծեց Հայաստանին եւ Ղարաբաղին ամերիկյան օգնության ավելացման կարեւորությունը.
«Հայաստանը քրիստոնյա երկիր է, ժողովրդավարության մեջ արմատացած արժեքներով: Չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակմանը, Հայաստանն այսօր հանդիսանում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների կարեւոր գործընկեր»:
Նույն լսումներին մասնակցած «ԱՄՆ-ի ադրբեջանական ցանց» կոչվող կազմակերպության ներկայացուցիչ Սեւինջ Մամադովան իր ելույթում կոչ էր անում ԱՄՆ-ի կոնգրեսականներին չհաստատել որեւէ օգնություն ուղղված Հայաստանին կամ Ղարաբաղին.
«Անկախացման ձեռքբերումից ի վեր, Հայաստանը հանդիսացել է Ռուսաստանի շահերի ներկայացուցիչ: 2014-ի մարտին, երբ Ադրբեջանը Միացյալ Նահանգների եւ եւս 100 երկրների հետ միասին ՄԱԿ-ում աջակցեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը միացավ ՝ Հյուսիսային Կորեային, Սուդանին ու Զիմբաբվեին, որոնք աջակցեցին Ռուսաստանի քաղաքականությանն այդ հարցում»:
Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, սակայն, Հայաստանի ժողովրդավարացումն ու կոռուպցիայի դեմ պայքարն ակնհայտ են բոլորին.
«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն արձանագրեց մեծ առաջընթաց եւ դա արձանագրվեց աշխարհի չորս կողմը: Այժմ ժամանակն է օժանդակել, որ Հայաստանն ավելի հզորանա եւ ժամանակն է, որ Ամերիկայի եւ հայաստանի միջեւ հարաբերություններն ավելի ընդլայնվեն»:
Չուլջյանի խոսքով, հայ համայնքի աշխատանքը դեռ նոր է սկսվում: Բյուջեի քննարկումներն անցնում են նաեւ ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում, Սենատում, եւ ամերիկահայերը ակնկալում են իրենց ընտրյալ սենատորներից միջնորդել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության չափի ավելացմանը, որից հետո բյուջեի վերջնական նախագիծը քվեարկության կդրվի Կոնգրեսի երկու պալատներում: