Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի պնդմամբ, համանախագահները չեն ասել, որ բանակցային ձեւաչափի փոփոխություն չի լինելու, այլ կոչ են արել` ձեւաչափի փոփոխությունը համաձայնեցվի բոլոր կողմերի հետ:
– «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել եւս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»,- ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստում ասել է ՀՀ վարչապետը: Մինչդեռ, օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ հայտարարեցին, որ բանակցային գործընթացի փոփոխություն չի լինելու: Այսպիսով, ի՞նչ գործընթաց ենք մտնում, արդյոք, փակուղի՞:
– Մինսկի խմբի համանախագահները չեն ասել, որ բանակցային ձեւաչափի փոփոխություն չի լինելու, այլ կոչ են արել, որ ձեւաչափի փոփոխությունը համաձայնեցվի բոլոր կողմերի հետ: Ընդհանրապես, ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային արբիտրաժ չէ, ընդամենը միջնորդներ են, եւ կողմերն են որոշումներ կայացնում: Ողջունելի է Փաշինյանի ջանքերը բանակցությունների խախտված ձեւաչափը վերականգնելու հարցում:
– Հնարավո՞ր է ԱԽ համատեղ նիստը Արցախում անցկացնելով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր լեգիտիմություն`բանակցություններում Արցախը ներկայացնելու համար:
– Փաշինյանը հստակ է հայտարարել, որ Արցախը բանակցություններում պետք է ներկայացնի Արցախի լեգիտիմ իշխանությունը, այդ մասին է ֆիքսված նաեւ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթում: Հստակ է, որ ՀՀ իշխանությունների ձեւավորմանը Արցախի բնակիչները չեն մասնակցում եւ տրամաբանական է, որ նրանք չեն կարող ներկայացնել Արցախի բնակչությանը: Այս հարցը երկու լուծում ունի՝ կամ բանակցություններին մասնակցում են Արցախի բնակիչների կողմից ընտրված իշխանությունները, կամ Արցախի բնակիչները մասնակցում են ՀՀ համապետական ընտրություններին, մասնակցում ՀՀ իշխանության ձեւավորմանը եւ ՀՀ իշխանությունները ներկայացնում են նաեւ Արցախի բնակիչների շահերը բանակցություններում:
– Նիկոլ Փաշինյանը նաեւ խոսեց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, ասաց, որ մենք նաեւ ադրբեջանցիներին պետք է խաղաղության նախապատրաստենք: Ինչպե՞ս է դա հնարավոր, մենք ի՞նչ տարբերակներ ունենք խաղաղության նախապատրաստելու մի հասարակության, որին մոտ երեսուն տարի կրթել են հայատյացություն:
– Փաշինյանի ասածը համատեքստ ուներ եւ այդ համատեքստում պետք էր հասկանալ ասածը:
– Ո՞րն է դա, Ձեր կարծիքով:
– Փաշինյանը նշել է, որ հանդես է եկել աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Նշել է, որ սա իր ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Այնինչ նման հայտարարություն Ադրբեջանից չի հնչել:
– Առաջիկա հնարավոր հանդիպման ժամանակ, Ձեր կարծիքով ի՞նչ պետք է խոսեն Փաշինյանն ու Ալիեւը, ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից:
– Կփորձեն ամրապնդել տարբեր հարթակներում ձեռք բերած պայմանավորվածությունները եւ զրուցել Փաշինյանի առաջարկած բանակցային ձեւաչափի վերականգման շուրջ: Ես կարծում եմ, որ չեն հաջողի, քանզի Ադրբեջանը դեմ է բանակցությունների լիարժեք ձեւաչափին, իսկ Փաշինյանն էլ չի նահանջի, քանզի իր համար այս հարցը սկզբունքային եւ հիմնարար նշանակություն ունի:
– Պատերազմի վերսկսման վտանգն այժմ ավելի՞ մոտ է, մանավանդ, Ադրբեջանի լայնածավալ-հարձակողական զորավարժությունների ֆոնին:
– Պատերազմի վտանգը միշտ էլ առկա է: Այն հնարավոր է հեռացնել միայն սպառազինությունների բալանսավորման շնորհիվ: Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի թուլամորթ, պարտվողական քաղաքականության պատճառով մենք մինչեւ 2016թ. լուրջ սպառազինություն չենք գնել, ինչն էլ բերել է մեր դիրքերի թուլացման եւ պատերազմի վտանգի ուժեղացման: Այսօր մենք ժամանակի խնդիր ունենք այդ դիսբալանսը վերացնելու համար:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
14.03.2019