Սկիզբը՝ այստեղ
Երեւանն արձանագրեց, որ ԵՄ-ն հուսալի գործընկեր է Հայաստանի համար
Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ ԵՄ կառույցների ղեկավարների հետ: Մարտի 5-ին Փաշինյանն այցելեց Եվրոպական խորհուրդ, որտեղ նա հանդիպեց ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԵՄ-ն հուսալի գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շարունակական զարգացումն այսօր առավել կարեւոր է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում: «Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել` ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով եւ նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,-նշել էր Փաշինյանը: Նա հավելել էր, որ ՀՀ իշխանությունների հռչակած ժողովրդավարական օրակարգից որեւէ շեղում չի լինելու, եւ ԵՄ օժանդակությունը մի շարք ոլորտներում` մասնավորապես, դատաիրավական ոլորտի, ոստիկանական համակարգի բարեփոխումների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով շատ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար:
Հանդիպումից հետո Փաշինյանն ու Տուսկը հանդես էին եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:
Փաշինյանն ընդգծել էր Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության բարձր մակարդակը: Նա կրկին փաստեց, որ՝ «նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության եւ նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ»: Ապա` հավելեց. «Մենք մտադիր ենք իրականացնել այս հավակնոտ օրակարգը` հիմնվելով մեր քաղաքացիների եւ հայրենակիցների ծանրակշիռ մանդատի, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերների հարաճուն աջակցության վրա: Մեր քննարկման ընթացքում անդրադարձ կատարեցինք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարեւորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ մեր բարեփոխումների օրակարգի իրականացման համար: Մենք համակարծիք ենք, որ բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումն էական նշանակություն ունի եւ թույլ կտա լիարժեքորեն օգտվել այս փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավորություններից, որոնք ժամանակավորապես կիրառվում են 2018թ. հունիսից: Այս համատեքստում մենք քննարկեցինք վավերացման գործընթացի արագացման ուղիները»:
Ըստ էության, Փաշինյանը Տուսկի հետ հանդիպմանը բարձրացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի հնարավորինս արագ վավերացման հարցը՝ տեղեկացնելով, որ քննարկել են դրա արագացման ուղիները: Փաշինյանի ելույթից նկատելի է, որ ԵՄ գործընկերների հետ հարաբերություններում օրակարգը հարստացնելու կողմնակից է:
ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել բարեփոխումների գործընթացին
Տուսկն իր խոսքում, կարելի է ասել՝ բավական ջերմ էր որակումներում: «Ձեր կառավարության որդեգրած արժեքները եւ արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում: Ես հիանում եմ Ձեր` ժողովրդավարական բարեփոխումներ եւ տնտեսական զարգացում իրականացնելու վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը»,- նշեց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու եւ իր քաղաքացիներին ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ճանապարհին. «Մենք վճռական ենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը կատարելու հարցում, որից իրական օգուտներ կքաղեն ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵՄ-ն: Համաձայնագրի գերակշռող մասն արդեն իսկ նախնական կիրառվել է եւ իրական ազդեցություն ունի: ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն արտահանող գործընկերն է, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի արտահանման ավելի քան 28 տոկոսը»:
Միաժամանակ, Տուսկը շեշտեց, որ համաձայնագիրն իրականացվում է ներքին բարեփոխումներին զուգընթաց, եւ որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել բարեփոխումների գործընթացին՝ ընդլայնված տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ: «Մենք համաձայն ենք կոռուպցիայի դեմ պայքարում եւ օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների գործընթացում ձեր ուժեղ շեշտադրման հետ»,- ասաց Տուսկը:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը եւս, արձանագրեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը եւ մի շարք այլ ուղղություններով:
«Պետք է շարունակենք եւ ընդլայնենք մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ»
Այնուհետեւ, աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Փաշինյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Բանակցություններից հետո նրանք զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների առաջ հանդես են եկել հայտարարություններով: Լրագրողների հարցերին պատասխանել էին Ն. Փաշինյանը եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։
Փաշինյանն իր խոսքում արձանագրեց, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Հայաստան-ԵՄ գործընկերության ներկայիս վիճակի համատեքստում. «Ժողովրդավարությունը կենսունակ դարձնելու համար մենք պետք է ունենանք ուժեղ ու կենսունակ տնտեսություն: Այդ իսկ պատճառով մեր հաջորդ քայլը ժողովրդավարության խորացումն է՝ հեղափոխական փոփոխությունների եւ տնտեսական բարեփոխումների միջոցով: Սա մեր հիմնական նպատակներից մեկն է եւ մեր կառավարության նոր ծրագրի անկյունաքարը»: Նա տեղեկացրեց, որ բանակցությունների ընթացքում Յունկերին ներկայացրել է կառավարության տեսլականը եւ առաջնահերթությունները: «Նախագահ Յունկերի հետ մենք ունենք ընդհանուր ըմբռնում առ այն, որ մենք պետք է շարունակենք եւ ընդլայնենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ` նշված խնդիրների լուծման եւ կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ: Այդ աջակցությունը Հայաստանի կառավարությանը թույլ կտա արագացնել բարեփոխումները եւ դարձնել ավելի արդյունավետ»:
Կրկին ընդգծեց, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կարեւոր հարթակ է, եւ որ ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելը կարեւոր է այն առումով, որ այն թույլ կտա լիարժեքորեն օգտվել դրա հնարավորություններից: «CEPA-ի եւ ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մեր եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին կհասցնի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը: Միեւնույն ժամանակ նախատեսվում է, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցություններ կսկսվեն ճանապարհային քարտեզի շուրջ: Մենք ընդհանուր առմամբ CEPA-ին եւ մասնավորապես, ճանապարհային քարտեզին վերաբերվում ենք որպես բարեփոխումների գործընթացի համար կարեւորագույն ուղենիշների»,- հայտարարեց Փաշինյանը:
Որքան ավելի շատ ՀՀ-ն բարեփոխվի, այնքան ավելի շատ մեզ կաջակցեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իր խոսքում հստակ շեշտեց. «Վարչապետը բարեփոխումները եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում, եւ մենք ողջունում ենք դա: Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին՝ եւ՛ ֆինանսապես, եւ՛ քաղաքականապես»: Նա հայտնեց, որ 2017-2020թթ. համար նախատեսել են 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար բարեփոխումների համար: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ՝ «շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ եւ դատական բարեփոխումների ոլորտում»: «Ես ինքս, ինչպես նաեւ հանձնակատար Հանը, անձամբ պատրաստ ենք աջակցել այս պրոցեսին որքան կարողանանք, եւ վարչապետի հետ զրուցելիս մենք նշել ենք, որ ավելի ուժեղ երկխոսություն կծավալենք այն անդամ պետությունների հետ, որոնք հետեւողական են այս հարցում: Բայց մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարեւոր է ե՛ւ Հայաստանի համար, ե՛ւ Եվրամիության: Սա մի հարց է, որին մենք շատ նվիրված ենք, մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն եւ հակառակը. ավելի շատ, քան առաջ: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից եւ լավ ճանաչեն: Նաեւ վեց ծրագրեր ենք նախատեսել հարեւանների հետ կապերը խթանելու համար: Շարունակությունը շատ կարեւոր է, մարդիկ պետք է շփվեն միմյանց հետ, ոչ միայն պետություններն ու կառավարությունները»:
Յունկերի ուղերձը բավական խոսուն էր, երբ նա խոսքն ուղղեց ասուլիսի հայ մասնակիցներին՝ «մենք դաշնակիցներ ենք եւ մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել այնքան, ինչքան կցանկանա, որ մենք օգնենք»:
«Մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը»
Համագործակցության ի՞նչ եզրեր կան Հայաստանի հետ, կոնկրետ ո՞ր ոլորտներում, հաշվի առնելով նաեւ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը, հարց ուղղեցին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:
Վերջինս տեղեկացրեց, որ Հայաստանը մեկ շաբաթ առաջ ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրերի մասին: «Մենք եկանք համաձայնության, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ աջակցություն բիզնես հատվածին: Դրա համար մենք արդեն ստեղծել ենք մի արդյունք, այսինքն՝ եվրոպական փողերով տեղական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ միկրո ընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխանակման կուրսի ռիսկերը հանենք մեջտեղից: Սա տնտեսական մասով, բայց տնտեսությունը կարիք ունի գործող ենթակառուցվածքների: Դրա համար կապակցվածությունը շատ կարեւոր է մեր օրակարգի մեջ, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: Եվ դա նաեւ պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում եւ այլն: Էներգետիկ արդյունավետությունը եւս մի հարց է, որը մի կողմից բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում ոչ այդքան արդյունաբերության ոլորտում, այլ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար: Մենք հիմա միասին՝ մեր թիմով, նայում ենք, թե որոնք են ամենահրատապ ծրագրերը, բայց պետք է լինեն տարբեր ծրագրեր: Մենք չենք կարող ընդամենը մի բան անել եւ անտեսել ուրիշ բաները, պետք է միասին զուգահեռ տանենք եւ ինչպես մեր նախագահն ասաց, մենք պատրաստ ենք Հայաստանին աջակցել այս բոլոր ջանքերում»,- նշեց Հանը:
Այսպիսով, դատելով Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքից՝ Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացումը մտել է կոնկրետ փուլ, քննարկվում են, թե որ ուղղություններով եւ ինչպես առաջ շարժվել: Կարելի է արձանագրել, որ Փաշինյանի այցը Բրյուսել՝ կարեւոր ուղերձներով հարուստ եւ ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններում բավական բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից խիստ դրական էր:
Սկիզբը՝ այստեղ
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.03.2019