Երեւանում բուժօգնություն ստանալու փոխարեն վերադարձել էր մարտական դիրքեր՝ Օմար, որովհետեւ, ինչպես նա է պատճառաբանում՝ «տղաները քիչ էին»
Մենք պարտք ենք մնացել Արցախյան պատերազմի 90-ականների հերոսներին:
Մենք նրանց չենք էլ հիշում, հիշում ենք այն ժամանակ, երբ մարդն այլեւս մեր կողքին չէ:
Ես սարսափով եմ լցվում, երբ պատկերացնում եմ, թե ինչ է լինելու ապրիլյան պատերազմի մեր ոսկե երիտասարդության հետ:
Տարիներ հետո արդյոք նույն անտարբերության պատերին չե՞ն բախվի ռազմի դաշտի արքաները, արդյոք նրանց հասանելիք իրավունքներն ու արտոնությունները չե՞ն ոտնահարվի:
Իմ հերոսներից մեկը Հովիկ Խաչատրյանն էր: Նրա՝ ազատամարտիկի մարտական ուղին սկսվել է 1989թ.-ին ՀԱԲ «Արամո» ջոկատի կազմում՝ Գորիս, Կոռնիձոր, Խոզնավար, Տեղ, 1990թ.-ից՝ Սիսիան, Սոֆուլու, Երասխ, Մուրխուզ, Նոյեմբերյան, Բաղանիս, Ոսկեպար, Պառավաքար, Խաչիկ գյուղ, 1992-ին հասել Կապան, Մարտակերտ, Լենինավան, Լաչին, Հոչազ…, շարունակվել Շուռնուխում, Քելբաջարում, Օմարի լեռնանցքում… մինչեւ 1994 թվականը:
Ինչպես տեղեկանում ենք «Արամո 114» գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Թորգոմյանի տված բնութագրից՝ «Հովիկ Հայկի Խաչատրյանը «Արամո» ջոկատի կազմում մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների, իրեն դրսեւորել է որպես օրինակելի, խիզախ ու անձնվեր ազատամարտիկ, հրամանատարի կողմից իր վրա դրված բոլոր հանձնարարականները կատարել է անթերի, վայելում է ընկերների սերն ու հարգանքը եւ եթե հարկ լինի, այժմ էլ պատրաստ է իր կյանքը չխնայել հայրենիքի պաշտպանության համար»:
1992թ. հոկտեմբերին Հովիկ Խաչատրյանը Հոչազում՝ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է՝ ստանալով բեկորային վնասվածք եւ գլխուղեղի ցնցում՝ կոնտուզիա:
Գորիսի հիվանդանոցում նրան ցույց է տրվել բժշկական օգնություն եւ հետագա բուժումը շարունակելու համար ուղարկել են Երեւան: Սակայն Հովիկ Խաչատրյանը Երեւան գնալու փոխարեն վերադարձել է մարտական դիրքեր, որովհետեւ, ինչպես ինքն է պատճառաբանում՝ «տղաները քիչ էին»: Վիրավորվել է նաեւ 1993-ին, իսկ 1994-ին Օմարի լեռնանցքում ստացել է երկրորդ կոնտուզիան:
Խաղաղ կյանք վերադառնալուց հետո էլ պատերազմը նրան հանգիստ չի թողել, օր օրի վատացել է նրա առողջությունը, պարբերաբար բուժվել է, տարել վիրահատություն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա», «Արթմեդ» բժշկական կենտրոններում: Մեջբերենք հատվածներ նրա բազմաթիվ էպիկրիզներից. կայուն մնացորդային երեւույթներ տարած գանգուղեղային վնասվածքից հետո, հետվնասվածքային էնցիֆալոպաթիա՝ հիպերտենզիոն կրիզներով, հետկոնտուզիոն համախտանիշ, կրծքավանդակի սալջարդ, 6-րդ կողի կոտրվածք աջից, աջակողմյան հետտրավմատիկ հիդրոթորաքս, բազկային հյուսակի պլեքսիտ աջից, տրավմատիկ գենեզի մանրօջախային, աջկիսագնդային սիմպտոմատիկա, հետտրավմատիկ ցերեբրասթենիա, խրոնիկ բրոնխիտ, անձի օրգանական փսիխոպաթանման խանգարում, հետկոմոցիոն համախտանիշ, սուր թրոմբոզ, վարիկոզ, փականային անբավարարություն:
«Արթմեդ կենտրոնի» էպիկրիզի համաձայն, «Քունը խանգարված է, տեսնում է մղձավանջային երազներ պատերազմական գործողությունների թեմաներով: Հիվանդ է ղարաբաղյան պատերազմում տարած կոնտուզիայից հետո», իսկ «Ստրես կենտրոնում» քսաներեք օր մնալուց հետո պատկերը հետեւյալն էր. «գանգատվում է գլխացավերից, շուտ է հոգնում, սիրում է առանձնանալ, առաջացել է լարվածություն»:
2017թ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից Հովիկ Խաչատյանին տրվել է հաշմանդամության 3-րդ կարգ, իսկ 2018թ.-ին նույն մարմնի փորձաքննությամբ՝ 2-րդ կարգի հաշմանդամություն՝ աշխատանքի անկարողությամբ:
Հովիկ Խաչատրյանի փաստաթղթերում առկա են ՀՀ պաշտպանության նախարարության սոցպաշտպանության վարչության եւ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրված վկայականներ, որոնցում նշված է, որ «վկայականը ներկայացնողն իրավունք ունի օգտվելու ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից եւ երաշխիքներից», այսինքն՝ նախարարությունը նրան ճանաչել է որպես պատերազմի մասնակից: Բայց այս ամենով հանդերձ, Հովիկ Խաչատրյանը, երբ փորձել է ստանալ զինծառայողի թոշակ, նրան մերժել են, պատճառաբանելով, որ Գորիսի հիվանդանոցից նա ներկայացրել է միայն տեղեկանք, բացակայել է էպիկրիզը:
Իսկ էպիկրիզը բացակայում է, որովհետեւ նա, ինչպես նշել ենք վերեւում, առաջին օգնությունը ստանալուց հետո վերադարձել է դիրքեր (տարիներ առաջ տողերիս հեղինակը իննսունականների հերոսներից մեկից մարտադաշտից նկար ուզեց, եւ պարզվեց՝ նկար չուներ, նրա մտքովն իսկ չէր անցել նկարվել-Ռ.Մ):
2009թ. ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքում Հովիկ Խաչատրյանին ախտորոշվել է գանգուղեղային տրավմա եւ ինչպես նշված է՝ այն ստացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ: Երիտասարդը, որ կորցրել է առողջությունը երկրի պաշտպանության համար, մի՞թե արժանի չէ ստանալու այդ երկրի ԶՈՒ-ի ծառայողների համար սահմանված թոշակ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
14.03.2019