Հարցազրույց սցենարիստ, կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հետ
– Պարոն Մկրտչյան, «Առավոտը» վերջերս ներկա էր ձեր ղեկավարած թատրոնի ընթացիկ թատերաշրջանի առաջին պրեմիերային՝ հոլիվուդյան ճանաչված սցենարիստ եւ ռեժիսոր Դեվիդ Էյերի «Մի համեստ դիակ կամ ելք կա» (ռեժիսոր՝ Արսեն Գրիգորյան) պիեսի բեմադրությանը: Ավարտից հետո գոհունակությամբ բարձրաձայնեցիք «կանաչ կոճակ», հետո միայն մեզ համար «թարգմանեցին», որ նկատի ունեիք պրեմիերայի երեք օրերին լեցուն դահլիճը: Նույն «կանաչ կոճակը» կարելի՞ է ընդունել որպես ձեր կողմից ներկայացման գեղարվեստական բարձր որակի չափանիշ:
– Ոչ: Բեմադրության գեղարվեստական որակը ես չէ որ պետք է որոշեմ: Կան մասնագետներ եւ իհարկե՝ հանդիսատես: Բայց ամեն դեպքում, թատրոնում կա երկու կարեւոր սկզբունք: Առաջինը՝ ինչ-որ նշաձող պետք է սահմանվի, որից ցածր ներկայացումներ չպետք է լինեն, եւ երկրորդ՝ բեմադրությունների գնահատականը ի վերջո տալիս է հանդիսատեսը: Գործ, որն ունի գեղարվեստական արժեք, բայց զրո հանդիսատես, ո՞ւմ է հարկավոր… Մյուս կողմից՝ եթե թատրոնն ունի, ասենք՝ 3 հաջողված ներկայացում, կարող ես ձեռնամուխ լինել հաջորդին, թեկուզ այն քիչ հանդիսատես ապահովի… Ինչ վերաբերում է «Մի համեստ դիակ կամ ելք կա» բեմադրությանը, ես գոհ եմ, որովհետեւ, առաջինը՝ ինձ պիեսն է դուր եկել, հետո՝ կատարումը: Մեր թատրոնի դերասանների 90 տոկոսի տարիքը մինչեւ 30 է: Սա մի կողմից խնդիր է, որ միջին տարիք չունենք, մյուս կողմից՝ լավ բան կա, տեսնում ես ներկայացումից ներկայացում արտիստների մասնագիտական աճը:
– Դեվիդ Էյերի սցենարում կարծես մերօրյա իրադարձությունների արձագանք կա, թեկուզ հենց վերնագիրը: Պիեսի ընտրությունը պայմանավորված էր հայաստանյա՞ն իրադարձություններով:
– Հայաստանյան իրադարձությունների հետ կապելը ճիշտ չէ, նման զուգահեռ անցկացնելը ոչ այլ ինչ է, քան սպեկուլյացիա: Կոնկրետ ինձ գրավել է պիեսի սեւ հումորը, ինչը մեր թատրոնում բացակայում էր: Իսկ սեւ հումորը պետք է լուրջ խաղալ, ինչը իսկապես դպրոց է մեր դերասանների համար: Մյուս կողմից՝ չէի վախենա նույնիսկ զուգահեռ անցկացնել, մարդը մարդ է մնում՝ Ամերիկայում, թե Հայաստանում, քաղաքականությունն էլ՝ քաղաքականություն՝ ԱՄՆ-ում, Հայաստանում, թե Մոզամբիկում: Կարճ ասած՝ չեմ մտածել կապի մասին, բայց եթե նույնիսկ նման տպավորություն կա ներկայացումից, չեմ վախենում, ոչ էլ խուսափում:
– Ձեր մուտքը արտիստական թատրոն կայացավ 5-6 տարի առաջ, սեփական սցենարով ու ռեժիսուրայով՝ «Ամուսնությունը հեշտ բան չէ» պիեսի բեմադրությամբ, որին վաղուց թատրոնի խաղացանկում չենք հանդիպում: Հետո իրականացրիք դարձյալ ձեր սցենարով «Փշրված պատրանքների մի գիշեր» պիեսը՝ Գագիկ Մադոյանի ռեժիսուրայով: Կարելի՞ է ենթադրել, որ խուսափում եք որպես ռեժիսոր հանդես գալուց:
– Թատրոնում, այո, խուսափում եմ: Համարում եմ, որ դեռ թատրոնի լավ ռեժիսոր չեմ ու բարձրաձայնում եմ այդ մասին: Բայց ընթացքում սովորում եմ… եւ եթե մի օր զգամ, որ պատրաստ եմ, կբեմադրեմ: Մի տեսակ դեռ ինքնավստահություն չունեմ: Փոխարենը՝ որոնում եմ, գտնում բարձրարվեստ բեմադրիչներ, ընտրում դերասանների, կարճ ասած՝ զբաղված եմ երիտասարդների ուժերով փորձարարությամբ, օրինակ՝ թատրոնում բեմադրություններ են իրականացրել երիտասարդ ռեժիսորներ Գոհարիկ Փոքրիկյանը, Արթուր Սարիբեկյանը, Գագիկ Մադոյանը, Արմեն Մարգարյանը…
– Ձեր խոսքերով՝ թատրոնի լավ ռեժիսոր չեք, բայց ճանաչված կինոռեժիսոր եք, որի «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ- 2», «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմերն արժանացան մասնագետների ու հանդիսատեսի բարձր գնահատականին: Ավելի քան քառորդ դար ապրել, սովորել ու աշխատել եք Մոսկվայում, ավարտել եք Կինեմատոգրաֆիստների համառուսաստանյան պետական ինստիտուտի սցենարական բաժինը, որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր ու պրոդյուսեր Մոսկվայում իրականացրել եք «Երեքը եւ Սնեժինկան» ֆիլմը: Նոր նկարի մտահղացում ունե՞ք:
– Իհարկե՝ այո: Չմանրամասնեմ՝ ունեմ վիպակ, որը «Անտարես» հրատարակչությունում է, գուցե տպագրվի: Նպատակ ունեմ այն ֆիլմի վերածել…
– Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ ձեր ֆիլմերի համար դերասաններ փնտրելիս տարբեր թատրոններում շա՜տ ներկայացումներ եք դիտել, բնականաբար, այդ ընթացքում մեր թատերական դաշտի մասին պատկերացում կազմեցիք, ինչպիսի՞ն է այն:
– Ես փնտրել եմ կոնկրետ տիպաժներ, դերասաններ, պարզապես շնորհքով երեխեք: Ամեն ինչ արել եմ կինոռեժիսորի տեսանկյունից: Թատերական դաշտը չեմ վերլուծել:
– «Արտիստական թատրոն» արտահայտությունը կարծես հուշում է, թե ձեզ մոտ անհատականություններ են…
– Յուրաքանչյուրը պետք է լինի անհատականություն, ինչին ձգտել եւ հասնել է պետք: Նշեցի, որ արտիստների մեծ մասը դեռ 30-ը չի էլ բոլորել: Ամեն դեպքում թատրոն գալիս են դերասան տեսնելու համար: Կարելի է անել մի բեմադրություն, որն, օրինակ, ունենա հզոր դրամատուրգիա եւ գերակշռի դերասանական խաղին: Մեր թատրոնում հանդիսատեսը պետք է տեսնի լավ դերասան:
– Փաստորեն, պատրաստում եք աստղեր… Ձեր թատրոնում, եթե չենք սխալվում, 18 դերասան են, նրանց մեջ կա՞ն աստղեր…
– Այս դեպքում աստղը երեւույթ է, որը չպետք է որոշի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Շատ ժամանակ դերասաններին պատմում եմ Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի մասին… Մեզանում մի հանրահայտ բան կա. ով ավելի շատ է երեւում TV-ով՝ նա աստղ է: Բայց հանկարծ մի որոշ ժամանակ դադարի երեւալուց, իսկույն կմարի:
– Արտիստական թատրոնը քաղաքապետարանի ենթակայության է, ի՞նչ եք կարծում՝ քաղաքապետարանն է՞լ կհետեւի մշակույթի նախարարության օրինակին՝ օպտիմալացնելով թատրոնները, կուզեինք լսել ձեր տեսակետն այդ առիթով:
– Ընկալում եմ որպես հստակ անգրագետ քայլ: Մի բան, որ ուզում ես օպտիմալացնել, նախ անհրաժեշտ է լավ հետազոտել… Եվ վերջապես՝ ո՞վ է նման որոշում կայացնողը… Թատրոններ ունենք, որոնք ունեն հանդիսատես, եթե կան այնպիսիք, որ չունեն՝ այլ հարց է… Իսկ թատրոնը, որն ունի հանդիսատես, ի՞նչն եք օպտիմալացնում…
– Մոտենում է մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը: Ավանդաբար անցկացվում է մեր «Օսկարը»՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Ո՞ր անվանակարգերում է ընդգրկված ձեր թատրոնը:
– Ես հրաժարվել եմ մասնակցել «Արտավազդին», որովհետեւ այն, ինչի ականատեսն եմ եղել նախկինում, թե ինչպես է կատարվում մրցանակաբաշխությունը, ինչպես են ընտրվում գործերը, ինձ համար տարօրինակ եւ ոչ ընդունելի ձեւաչափ է: Անկեղծ ասած, չգիտեմ հանձնաժողովում քանի անդամ է ընդգրկված, բայց որ նույն հանձնաժողովը պատվիրում է, օրինակ՝ 30 տեղ, բայց ներկայացումը գալիս դիտում են 2 հոգի… Հարց եմ տալիս՝ եթե հանձնաժողովի մեծ մասը չի դիտել ներկայացումը, ինչպե՞ս է ընտրություն կատարելու: Վստահ եմ՝ ինչ-որ բան պետք է փոխվի կամ «գալոչկաներից» պետք է գալ իրականություն:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ,
14.03.2019
Արտավազդ տալիս են գրեթե միշտ նույն մարդկանց, դեռ մաֆիա կա, կան լկտ գեղարվեստական ղեկավարներ, ովքեր եթե չունեն այս կամ այն լավ դերասանիհետ, չեն ներկայացնում մրցանակի: Իսկ իսկական աստղերը երբեք չեն մարում…