Լրահոս
Օրվա լրահոսը

Որ իմանան եւ հիշեն

Մարտ 15,2019 13:00

Վլադիկավկազում բացվեց Միխայիլ Լորիս-Մելիքովի հուշատախտակը

Վերջերս այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի արժանավոր զավակներից Միխայիլ Լորիս-Մելիքովի կյանքի ուսումնասիրությունը ինձ երկու անգամ տարել եւ հասցրել է Հյուսիսային Օսեթիա (Ալանիա) եւ Վլադիկավկազ, ուր ձգտել եմ գնալ այն հետքերով, որոնցով նա անցել է իր պաշտոնավարական ավելի քան 10 տարիների ընթացքում՝ նահանգապետի եւ կազակական զորքերի հրամանատարի կարգավիճակում: Արդյունքը «Վլադիկավկազ. Հայերի հանգրվանը կամ Միխայիլ Լորիս- Մելիքովի հետքերով» հայերեն եւ ռուսերեն գրքերն են եւ նույնանուն տեսաֆիլմը:

Այս ճանապարհին հանդիպել եմ իմ գործընկեր -լրագրողների, մասնավորապես՝ Օլգա Ռեզնիկին, ով տարիներ շարունակ պայքարում էր, որ առնվազն Միխայիլ Լորիս-Մելիքովի հուշատախտակը տեղադրվի Վլադիկավկազում:

Օրեր առաջ ինձ ուրախալի լուր հաղորդեց Օլգա Ռեզնիկը՝ հուշատախտակն արդեն տեղադրված է, մնում է հաջորդ քայլը՝ Լորիս-Մելիքովի արձանը ու խնդրում հայաստանցի ընթերցողին ներկայացնել իր մտորումները եւ խոհերը Վլադիկավկազի պատվավոր քաղաքացու եւ հայ ժողովրդի արժանի զավակի մասին, ինչը անում եմ սիրով՝ միայն որոշ կրճատումներով՝ զուտ տեխնիկական պատճառներով:

Պատմում է Օլգա Ռեզնիկը, Վլադիկավկազ

– Կիրովի, 30 … Սա այն նույն տունն է, գետնից դուրս ցցված մեծ բնական քարի կողքին, որ 150 տարի առաջ այս շենքում առաջինը Հյուսիսային Կովկասում եւ առաջիններից ու հնագույններից մեկը Ռուսաստանում բացվեց Թերեքի մարզի ամենահին արհեստագործական դպրոցը Թերեքի նահանգապետ եւ կազակական բանակի ատաման, կոմս Լորիս-Մելիքովի անձնական միջոցներով: Եվ հատկանշական է, որ կոմսը միաժամանակ դարձավ ոչ այլ ոք, քան Ռուսաստանում արհեստագործական կրթության սկզբնավորողը: Հենց նրա նախաձեռնությամբ բացված դպրոցում է ներդրվել այդ ժամանակի նորարարական եւ մինչ այժմ գործող արհեստագործական կրթության համակարգը, որի համաձայն՝ ուսանողները հետեւողականորեն ձեռք են բերում որեւէ կոնկրետ մասնագիտություն: Հատուկ ուրախությամբ տեղեկացնում եմ այն մասին, որ Վլադիկավկազում այդպիսի դպրոց է եղել եւ իր տեսակի մեջ առաջինը Ռուսաստանում, ինչպես նաեւ այն մասին, թե ով է եղել հիմնադիրը: Այժմ այդ մասին կարող է իմանալ յուրաքանչյուր ցանկացող, քանի որ «Էրեբունի» հայկական ազգային մշակութային միության եւ «Տերսկիե Վեդոմոստի» թերթի խմբագրության նախաձեռնությամբ, Հյուսիսային Օսեթիա – Ալանիա Հանրապետության ազգային հարաբերությունների հարցերով նախարարության աջակցությամբ, նախկին արհեստագործական դպրոցի շենքի ճակատին հայտնվեց հուշատախտակ հենց այդ մասին (հեղինակ՝ Տիգրան Անանյան, քանդակագործ՝ Հովիկ Խաչատրյան):
Վլադիկավկազի արհեստավորական ուսումնարանին հիմնադիրի անունը տրվեց 1868թ. հոկտեմբերի 12-ին Ալեքսանդր II- ի բարձրագույն հրամանով, հաշվի առնելով Թերեքի մարզի ղեկավար գեներալ – համհարզ Լորիս-Մելիքովի հատուկ հովանավորչությունը` «Վլադիկավկազում բացված արհեստավորական ուսումնարանի հիմնադրման եւ ամրապնդման համար», որն այնուհետեւ հայտնի դարձավ որպես Լորիս-Մելիքովյան: Իսկ Միքայել Տարիելովիչը ոչ միայն անձնական միջոցները հատկացրեց այն պահպանելու համար, այլեւ երկար տարիներ դարձավ նրա պատվավոր հոգաբարձուն: Մինչեւ իր կյանքի վերջը նա ուշադիր հետեւում էր իր անունը կրող ուսումնական հաստատության գործունեությանը եւ ակտիվորեն մասնակցում էր հոգաբարձուների խորհրդի աշխատանքին, ֆինանսական իր մասհանումներն էր կատարում: 1880 թվականին, երբ Լորիս-Մելիքովն արդեն դուրս էր եկել Կովկասյան տարածաշրջանից, «Թերեքի եւ Վլադիկավկազ քաղաքի շնորհակալ բնակիչները դիմեցին կայսրին` նրան «Վլադիկավկազի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու խնդրանքով»: Եվ 1880 թ. հոկտեմբերի 29-ին Ալեքսանդր II- ը ստորագրեց համապատասխան բարձրագույն հրամանագիրը …

Պատահական չէր, որ Վլադիկավկազում նրա հուշատախտակի բացման արարողությունը շատ հանդիսավոր էր, բազմամարդ ու ներկայացուցչական: Գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՕՀ-Ալանիայի ազգային հարաբերությունների հարցերով նախարար, պատմական գիտությունների թեկնածու եւ հուշարձանի բացման նախաձեռնողներից մեկը` Ասլան Ցուցիեւը:

«Այսօր մեր քաղաքի համար կարեւոր իրադարձություն է,- ասաց նա,- մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ռուսաստանի կայսրության խոշոր պետական գործչի հիշատակին, որը շատ բան է արել դրա համար: Լորիս-Մելիքովի անձը գո՞ւցե եւ ոմանց համար ոչ միանշանակ եւ հակասական է, ինչպես այս չափանիշի ցանկացած պետական գործչի անձը: Բայց այս մարդը շատ կարեւոր գործեր արեց, նա բազմաթիվ մարդկանց մեջ մեծ հեղինակություն էր վայելում: Պարգեւատրվել է Ռուսաստանի բարձրագույն պարգեւով` Սբ. Անդրեյ Պերվոզվաննու շքանշանով: Եվ այսօր բացված հուշատախտակը մեր հարգանքի տուրքն է Միքայել Տարիելովիչ Լորիս-Մելիքովի հիշատակին»:

Հուշատախտակի բացմանը ներկա էր Վլադիկավկազում ծնված ու մեծացած, Ռուսաստանի Զինված ուժերի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի նախագահ, Արեւմտահայերի ազգային կոնգրեսի նախագահ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Այսօր պատմական իրադարձություն է, որը համախմբել է Վլադիկավկազում ապրող բոլոր ժողովուրդներին,- ասաց նա,- այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անձի հիշատակին, որն օրինակ էր հանդիսանում Ռուսաստանին ծառայելու գործում: Լորիս-Մելիքովը պայքարել է Թուրքիայի դեմ (մենք ուսումնասիրել ենք նրա ռազմական գործողությունները ակադեմիայում), պայքարել է Վոլգայի շրջանում եւ Աստրախանի նահանգում բռնկված ժանտախտի դեմ եւ հակահարված հասցրել ահաբեկիչներին: Նա ստեղծել է Սահմանադրության նախագիծը: Նա իսկական պետական գործիչ էր»:

Օրվա բանախոսները քիչ չէին՝ Վլադիկավկազի եւ Ալանիայի արքեպիսկոպոս, Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար Հայր Լեոնիդը, Հյուսիսային Օսեթիայի (Ալանիայի) պատմության եւ հնագիտության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Ֆելիքս Կիրեւը, Վլադիկավկազի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Գեւորգ ավագ քահանա Գեւորգյանը, Հարավային Ռուսաստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը, Թերեքի կազակական բանակի ատաման Նիկոլայ Կոլոմիցը եւ ուրիշներ, ովքեր եւս մեկ անգամ արժեւորեցին պետական եւ ռազմական գործչի վաստակը Թերեքի մարզում եւ Վլադիկավկազում՝ ներկայացնելով եւ ընդգծելով այն նյութական եւ հոգեւոր ժառանգությունը, որ նա թողել է այստեղ:

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

14.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031