Ինչո՞ւ չի անում
Միասնական քննությունների կարգի, անցկացնելու ձեւի ու բովանդակությունների մասին երկար կարելի է խոսել։ Բայց առաջարկը վերաբերում է մեկ կոնկրետ հարցի ու ունի ժամանակավոր բնույթ, մինչեւ քննությունների կարգը եւ դրանց անցկացնելու ձեւն ու բովանդակությունները համակողմանի վերանայելը։
Թեստային քննություններին անցնելուց հետո, երբ վերացավ գնահատականներն անհիմն իջեցնելու հնարավորությունը, կազմակերպիչները, ավելացնելով հարցերի քանակն ու պակասեցնելով տրվող ժամանակը, դիմորդին դրեցին ցայտնոտային վիճակի մեջ։ Դրանով խիստ իջեցրին 19 ու 20 միավոր ստացող դիմորդների քանակը։
Դա անվերապահ առաջատար էր դարձնում այն դիմորդներին, որոնց 19-20 միավոր էր նվիրվում։ Նախորդ իշխանությունների ժամանակ այս լծակը ստեղծվեց, փաստորեն, կաշառքի ու կոռուպցիայի ճանապարհը լայն պահելու համար։
Այն հիմնավորումը, թե 3 ժամից հետո աղմկում են կամ արտագրում, անիմաստ է, քանի որ հայտնի է, որ բոլոր քննությունների վերջում էլ աղմուկն ու արտագրության փորձերը շատանում են, բայց համապատասխան քայլերը զսպում են դա։ Բացի սա, քննությանը տրվող ժամանակը կրճատելը այդ երեւույթները ընդամենը տեղաշարժում է, բայց չի վերացնում։
Եթե նույնիսկ համաձայնենք այդ պատճառաբանությանը, ապա չենք կարող համաձայնել այդ ժամաքանակում 80 առաջադրանքին պատասխանելու դրվածքին։ Միջինում 1 առաջադրանքի համար 2 րոպե 15 վայրկյան է ստացվում, ինչը դիմորդների մեծագույն մասի համար անհնար է ու որեւէ տրամաբանական հիմնավորում չունի։ Սա վերաբերում է բոլոր առարկաներին ու բոլորի դեպքում էլ անընդունելի է։
Ավելի որոշակի լինելու համար քննարկենք մաթեմատիկայի քննությունը։
Մինչեւ թեստային քննություններին անցնելը, երկար ժամանակ, միասնական քննություններն անցկացվում էին 8 առաջադրանքով եւ սրանց տրվում էր 4 ժամ։ Այնինչ, այսօր տրվող 80 առաջադրանքից հաստատ կարելի է մեկ այդպիսի 8-նյակ՝ առանձնացնել: Այնուամենայնիվ, ողջ քննությանը հատկացվող ժամանակը պակասեցրել են։
Այն հանգամանքը, որ հիմա լուծումները չեն մաքրագրում, մի քիչ ժամանակ խնայում է, բայց ողջ ժամանակը մեկ ժամով կրճատելն ու 72 առաջադրանք ավելացնելը ժամանակի լուրջ դեֆիցիտ է առաջացնում։ Առաջ՝ երբ 4 ժամ տրվում էր 8 առաջադրանքի համար, ստուգողը 19-20 միավորին արժանի աշխատանքի առաջադրանքներից մեկ-երկուսի տակը կարմիրով գծում էր, գրելով՝ «լավ չէ հիմնավորված», ու գնհատականը իջեցնում էր։ Ես մինչեւ հիմա դեռ պահում եմ այդ ձեւով 19 բալը իջեցրած մի աշխատանք, ու այս երեւույթը եզակի չէր։ Հիմա չկա նման հնարավորություն, դրան փոխարինում է ժամանակային պրեսինգը։
Եթե նույնիսկ ընդունում ենք, որ 3 ժամից հետո շատանում է աղմուկն ու արտագրությունը, ի՞նչն է խանգարում, որ պակասեցնեն առաջադրանքների քանակը՝ 80-ի փոխարեն տան 60 առաջադրանք։
Տարածված հիմնավորում է, իբր առաջադրանքները պակասեցնելը կամ հեշտացնելը կբերի նրան, որ կշատանան բարձրագույն միավորները։
Զարմանալի է, որ նման հարց տվող լրագրողները չեն շարունակում ու չեն հետաքրքրվում, թե ի՞նչ «աղետ» կպատահի, եթե բարձրագույն միավորները շատ լինեն։ Միակ աղետը, որ կարող է լինել, այն է, որ եթե 3 անվճար տեղի համար ասենք 7 հոգի բոլոր քննություններից ստանա 20 միավոր, ապա ստիպված կլինեն 4 անվճար տեղ ավելացնել, ու մեկ էլ` հնարավոր է, որ հարցականի տակ դրվի անարժան բարձր միավորներ ունեցողների անվճար տեղերն զբաղեցնելու գործը։
Հիմա, հույս ունենալով, որ այդ սխեմաները, այդ գործելաոճը, որպես համակարգ, մնացել են անցյալում, չենք տեսնում ոչ մի պատճառ ու ոչ մի առողջ հիմնավորում, թե ինչո՞ւ պիտի պահպանվի կոռուպցիայի ու կաշառակերության համար ստեղծված նախկին մոտեցումը։ Ոչ տեխնիկական, ոչ ֆինանսական, ոչ կրթական որեւէ պատճառ չկա վիճակը չբարելավելու համար։
Հնարավոր է ասվի, որ նոր պայմաններում բացառվում է կաշառքն ու կոռուպցիան, կամ որ այդ հարցերը կլուծվեն այլ մեխանիզմներով: Գուցե ասեն նաեւ, թե քննությունները արդեն մոտ են ու փոխելու հնար չկա այլեւս։
Նախ, ամենաքիչ կոռուպցիա ու կաշառակերություն ունեցող երկրներում էլ դրանք կան, ոչ մի տեղ լրիվ վերացրած չեն, երկրորդն էլ, եթե չկան ֆինանսական ծախսեր եւ այլ օբյեկտիվ խոչընդոտներ, ի՞նչն է խանգարում, որ նվազեցնեն նման դրսեւորումների հնարավորությունը։
Մյուս պատճառաբանությունը, որը կապված է քննությունների մոտիկ լինելուն, նույնպես քննադատության չի դիմանում, քանի որ ամեն առարկայի համար պատրաստվող տարբերակների քանակը մեծ չէ, եւ երեք ամսում կամ ավելի քիչ ժամանակում դա անելը լրիվ հնարավոր բան է։
Մի բան հաստատ է, առաջարկվող փոփոխությունը, հարվածելով կոռուպցիային ու կաշառակերությանը, որեւէ վնաս չի տալիս, որեւէ բեռ չի ավելացնում, որեւէ լրացուցիչ ֆինանս չի պահանջում ու լուծվում է ԿԳ նախարարի ընդամենը մեկ հրամանով։ Ուրեմն, ընդամենը մի հրամանագիր կամ որոշում է պետք, որ կամ առաջադրանքների քանակը դառնա 60, կամ տրվող ժամանակը դառնա 4 ժամ։
Սա հնարավորություն կտա միջինում 1 առաջադրանքի համար եղած 2 րոպե 15 վայրկյանը դարձնել 3 րոպե։
Իմիջիայլոց, եթե պատասխանատուները վստահ են, որ կաշառքի ու կոռուպցիայի դեմը կարող են առնել քննությունները անցկացնելու ձեւից անկախ, ավելի լավ կլիներ, որ վերացնեին միասնական քննությունները ու հենց բուհերին տային ընդունելության քննություն անցկացնելը, չէ՞ որ ամեն բուհ ինքն ավելի լավ գիտի, թե իրեն ինչ գիտելիքով ուսանող է պետք։
ԳԱԳԻԿ ԱՂԵԿՅԱՆ
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ
«Առավոտ» օրաթերթ,
14.03.2019