Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՈՎ

Մարտ 15,2019 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունմեկերորդ

 

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՈՎ

 

Եվ Հայկունին Կորյունին ասաց՝ «կյանքի մասին գրելն էլ ա պատերազմի դեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե կյանքի գովքն ես անում, էդ նշանակում ա, որ պատերազմը դատապարտում ես», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «բայց կյանքը գովելու համար ոչ ոք փող չի տալիս», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչ փող», եւ Կորյունը պատասխանեց ու ասաց՝ «նաղդ փող» եւ ժպտալով ավելացրեց՝ «Ջավախյանն իրա էդ «Քիրվայի» համար փող ա ստացել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էն էլ՝  էրկու անգամ», եւ Հայկունին Կորյունին հարցրեց՝ «էդ մրցանակը նկատի ունե՞ս», եւ Կորյունը Հայկունուն ասաց՝ «էդ մրցանակը նախ եւ առաջ նաղդ փող ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը մրցանակի  համար հազար դոլար ա ստացել, իրեք հարուր էլ ստացել ա Ղազախում ադրբեջանցի  մտավորականների հետ հանդիպման համար», եւ Հայկունին  Ջավախյանին հարցրեց՝ «էդ ի՞նչ հանդիպում ա էղել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մտավորականներով պատերազմի դեմ էինք խոսում», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «վերջը ի՞նչ եզրակացության էկաք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եզրակացրինք, որ պատերազմը մեր էրկու ժողովուրդներին էլ ձեռ չի  տալի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «շատ ճիշտ եզրակացության եք էկել», եւ Ջավախյանը զզվանքով նայեց Կորյունին ու հարցրեց՝ «վատ ե՞նք արել, որ պատերազմի դեմ ենք խոսացել», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «վատն էն ա, որ վարձավճարով եք պատերազմի դեմ խոսացել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ո՞ւմ հազար իրեք հարուր դոլար տան, որ պատերազմի դեմ չխոսա» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով հարցրեց՝ «դու չէիր խոսա՞, Արմեն», եւ ես փռթկացնելով պատասխանեցի ու ասացի՝ «ես հինգ հարուրով էլ կխոսայի» եւ Հայկունին ասաց՝ «իսկական մտավորականը ձրի էլ ա պարտավոր պատերազմի դեմ խոսա», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Հայկունուն ասաց՝ «որ ձրի խոսար, բան չէի ասի», եւ Ջավախյանը զզվանքով նայեց Կորյունին, հետո Հայկունուն ասաց՝ «Ղազախում երկրորդ հանդիպման վախտ լրիվ ձրի ենք խոսացել», եւ Կորյունն արհամարհական նայեց Ջավախյանին ու հեգնանքով ասաց՝ «մեռնեմ անշահախնդիր ջանիդ» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ Վերնիսաժում արծաթեղենդ էլ ես ժողովրդին ձրի բաժանում», եւ  Ջավախյանը զզվանքով նայեց Կորյունին ու ասաց՝ «որ տարին տասներկու ամիս անձրեւին ու ձնին կանգնես, դու ձրի կբաժանես», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «Երեւանը Լոնդոնը չի, որ տարին տասներկու ամիս անձրեւ գա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031