«Գոնե այսօր այս երկրին տիրություն արեք: Գոնե այսօր Արցախի հարցում դիրքորոշում բռնեք, որ այդ հարցով հատուցում լինի»,- Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվող՝ Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման (1920 թ. հունվարի 19) և 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի 100-ամյակներին ընդառաջ սեղան-քննարկումների շարքի հերթական քննարկմանը հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Նա փաստեց՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար տասնամյակներ հսկայական գումարներ ենք ծախսել, բայց Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ իրավական կարծիքը շատ ավելի կարևոր է, քան ցեղասպանության վերաբերյալ. «Դրա համար մենք կարող ենք պատվիրել ոչ հայերի: Կան միջազգային իրավունքի լավ մասնագետներ, նրանց որ պատվիրենք, մի քանի հարյուր հազար դոլարի հարց է. մենք շատ ավելի մեծ փողեր ենք ծախսել տարբեր բաների վրա: Այս մասնագետների կարծիքը համարվում է որպես աղբյուր և կարող է հիմք հանդիսանալ: Միջազգային դատարանի եզրակացություն ենք ունենում, հետո մենք այդ ձևով կկարողանանք խոսել և կկարողանանք Նախիջևանի հարց բարձրացնել, որը կարևոր է Արցախի անվտանգության տեսանկյունից: Ադրբեջանը մեզ անընդհատ փորձում է ագրեսոր ներկայացնել Ղարաբաղի հարցում, բայց եթե կարողանանք միջազգային դատարանի միջոցով փաստել Արցախի՝ Բաքվի ենթակայության տակ գտնվելու անիրավությունը, մենք ագրեսոր չենք լինի»:
Արա Պապյանը նշեց, եթե ազգերի ինքնորոշման իրավունքի մասին խոսենք և դա միջազգայնորեն ապացուցենք, մենք հակառակը, կհաստատենք, որ ազատագրող ենք. «Մենք ցույց ենք տալիս, որ անում ենք այն, ինչ Ազգերի լիգան է ընդունել: Մենք ո՞նց հավատանք Ադրբեջանին, որ նա իր գրեթե եղբայր, գոնե կրոնակից ժողովուրդներին ոչնչացնում է, էլ ո՞նց մենք վստահենք նման իշխանության: Նման փաստերը պետք են, որ փաստարկված կարողանանք համադրել, թե ինչու համաձայն չենք Ադրբեջանի խոստումների հետ»:
Արա Պապյանը հիշեցրեց՝ մենք, որ ռուսների կողմից կռվում ու զենք էին վերցնում հենց այնպես չէր. մեզ պաշտոնական խոստումներ էին տալիս. «Մենք չենք սիրում խոսել ուրիշների՝ մեր նկատմամբ պարտավորությունների մասին: Գոնե այսօր այս երկրին տիրություն արեք: Ըմբռնումը լինի այն, որ այսօր Արցախի հարցում դիրքորոշում բռնեք, որ այդ հարցով հատուցվի: Բա զորքի ու զենքի կուտակումը, որ տեղի է ունենում սահմանին պատահակա՞ն է, թե՞ սպասում եք մի հատ էլ ցեղասպանություն լինի, որ էլի լալահառաչ տողեր գրեք հայերի մասին, որ իրենք Միջին Արևելքի լուսավորության կրողներն են և այլն: Մեզ պետք չեն այդ պոստ ֆակտում խոսքերը, հիմա է պետք. զենք տվեք, տնտեսության մեջ ներդրումներ արեք, ժողովրդավարությունը հզորացրեք, մյուսներին սաստեք: Ցեղասպանության լավագույն հուշարձանը ծաղկուն Հայաստանը պետք է լինի»:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը հիշեցրեց՝ այս տխրահռչակ պայմանագիրը սահմանեց ՀՀ-ի սահմաններն ու կարգավիճակը. «Ցավոք, մեզ համար պայմանագիրը կոչվում է ռուս-թուրքական եղբայրության, որն այսօր վավեր պայմանագիր չէ, քննություն չի բռնում որևէ դիտարկման: Այս պայմանագիրը որևէ քննության չի դիմանում, քանի որ ստորագրող սուբյեկտները միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին: Ռուսաստանի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Քեմալական տխրահռչակ հանրապետությունը՝ երկուսն էլ իրավաբանորեն ճանաչված չէին և միջազգային որևէ իրավանորմի չեն համապատասխանել: Դրանից էլ հետևում է, որ պայմանագիրն իրավական ուժ չունի: Երբեմն, մեզ որոշ կողմեր վախեցնում են, թե այս պայմանագրին շատ մի անդրադարձեք, քանի որ դրան կհետևի հակադարձ պահանջը. թուրքերը կարող են որպես հակընդդեմ հայցի մակարդակ խոսել Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին»:
Սուրեն Սարգսյանը հայտարարեց՝ իր համար պարզ է, որ պայմանագրի վերանայելու և վերափոխելու իրատեսական առիթ էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը. «Բոլորս էլ գիտենք, թե ինչու Խորհրդային Միությունը հետքայլեր արեց իր կանխավ նախագծերից, որից մեկն էլ Խորհրդային Հայաստանի սահմանների վերանայման խնդիրն էր, որտեղ գոնե Կարսի մարզը, Սուրմալուն, Սարիղամիշը՝ Արարատ սարերով կարող էին իրավամբ դառնալ Հայաստանի տարածքներ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ