Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՆԱՏՕ-ի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կլեր Հաթչինսոնին:
Նախարար Մնացականյանը ողջունեց Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում Կլեր Հաթչինսոնի այցը Հայաստան և բարձր գնահատեց նրա մասնակցությունը մարտի 15-ին կայանալիք «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. միջազգային և հայաստանյան պրակտիկա» քննարկմանը:
Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՆԱՏՕ-ի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչի օրակարգն ու մանդատը, քանի որ կանայք անվտանգության, պետական կառույցների կառուցման անմիջական շահառուներն են: Նախարարի խոսքով՝ հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով կանանց մասնակցությունն անվտանգության հարց է, և Հայաստանը հանձնառու է բազմակողմ տարբեր հարթակներում խթանելու կանանց օրակարգը:
Երկուստեք բարձր գնահատվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի հաստատումը Հայաստանի կառավարության կողմից:
ՀՀ ԱԳՆ