ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դատարանում, ներկայացրել են իրենց առարկությունները`ՀՔԾ-ի միջնորդության դեմ: Դատարանում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել`Ռոբերտ Քոչարյանի կալանքը եվս երկու ամսով երկարաձգելու մասին: Դատական նիստը տեւեղ մոտ ութ ժամ:
Նիստը կրկին ընդմիջվեց: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը, լրագրողների հետ զրույցում, ասաց, որ իրենց առարկությունները, մասնավորաբար, վերաբերվել են Ռոբերտ Քոչարյանի անձեռմխելիությանը եւ անվտանգությանը:
«Պաշտպանության բանակը իրավունք չունի խառնվելու ներքին հարցերին: Անվտանգության հարցերը միայն սահմաններին պետք է լինի․ դա կատարյալ անգրագիտություն է, ովքեր այդպես են ասում։ Եթե ասում են, թող հղումներ կատարեն օրենքներին, մենք հղում ենք կատարում օրենքներին եւ ասում ենք, որ դա ներքին հարց է, մենք հղումներ ենք կատարում միջազգային փաստաթղթերին։ Նրանց ասածը ջուր է, ես ասում եմ՝ 0038 հրամանը իր մեջ որեւէ հանցավոր բան չի պարունակում։
Դրա բացատրությունն ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը, ոչ ոք չի կարող տալ։ Ես հիմնվում եմ մասնագետների կարծիքների վրա։ Խնդրում եմ, կարդացեք Սեյրան Օհանյանին եւ ընդունեք որպես հիմք»,- իրենց առարկությունների մասը մանրամասնեց Ռուբեն Սահակյանը։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ այդ օրերին զինվորներին վարձկաններ էին սարքել, իսկ որոշ օլիգարխներ վճարում էին, որպեսզի իրենց տները հսկեին: Ռուբեն Սահակյանը պատասխանում է. «Նման հայտարարություն կարող է անել մարդը, որը որ նենգափոխում է գործի փաստերը։ Մի հավատացեք, նա սուտասան է, ահավոր սուտասան մարդ է։ Ես քրեական գործն եմ կարդում»։
Ի դեպ, ՀՔԾ-ն արդեն իսկ արձագանքել է Ռուբեն Սահակյանի այս հայտարարությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ