«Հայկական կողմը ոչ մի նոր բան չի ուզում անել, այլ ուզում է մի փոքր շտկում կատարել այն շեղված իրավիճակից, որը գոյություն ուներ այդ բնագավառում: Ամբողջ խնդիրը նրանում է, որ ոչ մի նոր բան Հայաստանը չի ասում. Հայաստանը չի ասում ձևափոխենք, Հայաստանը ասում է վերադառնանք այն կետին, որը կար 1994 թ-ին Բուդապեշտյան գագաթնաժողովում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով արցախյան հակամարտության, բանակցային ձևաչափի փոփոխության մասին՝ ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, դիվանագետ Արման Նավասարդյանը: Վերջինս համաձայն չէ այն տեսակետներին, թե Հայաստանը ձևաչափը փոխում է, որ Հայաստանը այնպիսի մի դիրքորոշում ունի, որը կխանգարի այդ խնդրի հետագա զարգացմանը:
«Իսկ ի՞նչ է, մինչև հիմա ի՞նչ էր կատարվում, ուրի՞շ ձև էր լինում, մինչև հիմա ի՞նչ է Արցախի հարցում մեր ղեկավարությունը գնում էր ճի՞շտ ճանապարհով: Եթե Մինսկի խումբը և մյուս մեր եվրոպական բարեկամները իրոք ուզում են լինել արդար և օբյեկտիվ, նախ թող ետ նայեն, թե ինչ է կատարվել 20-րդ դարի պատմության ընթացքում այն պետությունների հետ, որոնց ճակատագիրը և բախտը որոշվել է առանց իրենց մասնակցության: Վերջապես եկել է մի իշխանություն, որը խելքի գլխին բան է ասում. եկեք այն պետությունը, այն ժողովուրդը, այն էթնոսը ներկա գտնվի իր ճակատագրի հետագա հարցերի լուծմանը, ասում են, որ դա չի կարելի»,-իր խոսքում նշեց պարոն Նավասարդյանը:
Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ արցախյան հակամարտության հարցում երկու խոշոր, առանցքային խեղաթյուրում է տեղի ունեցել: Առաջինը բանակցային ֆորմատի խեղաթյուրումն է:
«Դա 1998 թ-ի ճակատագրական որոշումն էր Հայաստանի այն ժամանակվա իշխանության կողմից, և պատահական չէր, որ հենց այդ տարիների քննադատությունների մեջ, որոնք հնչեցնում էինք, նշում էինք վտանգը, որ դա բերելու է երկրորդ խեղաթյուրման՝ հակամարտության էության, սահմանման խեղաթյուրմանը: Շատ ժամանակ դա ընկալվում էր որպես ուղղակի քաղաքական ընդդիմախոսություն, բայց իրականությունը մեկն էր. խնդիրը ուզեինք, թե չուզեինք տեղափոխվում էր Հայաստան-Ադրբեջան հարթություն: Եվ դա այն էր, ինչի մասին երազում էր Ադրբեջանը. ստանալ թեկուզև թույլ ու փոքրիկ, բայց ապացույց, որ հակամարտությունն ունի Հայաստան կողմ, չկա այդտեղ Լեռնային Ղարաբաղ սուբյեկտ, և բնականաբար, Հայաստանն է հանդիսանում իրավիճակի տերը, ստատուս քվոյի պատասխանատուն, ադրբեջանական մեկնաբանությամբ ագրեսիայի իրականացնողը և այլն: Արդյունքում՝ 2007 թ-ին այսպիսի խեղաթյուրված բանակցությունների պայմաններում ՀՀ-ի սեղանին դրվեցին Մադրիդյան սկզբունքները»,- ասաց պարոն Սաֆարյանը:
Վերջինս նկատեց, որ երկու խնդրի կա, որը պետք է վերականգնի Նիկոլ Փաշինյանը և Հայաստանը, որոնք, բանախոսի գնահատմամբ, հետևյալն են՝ հակամարտության սահմանման շտկում և բանակցային գործընթացի վերականագնում: Քաղաքագետը նշեց, նաև, որ Սերժ Սարգսյանը, երբ հասկացավ, թե այդ խեղաթյուրումները, որքան ճակատագրական նշանակություն են ունեցել Հայաստանի համար, փորձեր կատարեց շտկելու, բայց դա նրան թույլ չէին տալու:
«Մինսկի խմբի համանախագահները ոչ մեր բարեկամն են, ոչ Ադրբեջանի, նրանք երրորդ կողմ են, և այս կտրվածքով նրանց հայտարարությունները, անշուշտ, պետք է լրջությամբ ուսումնասիրվեն, բայց այնպես չէ, որ որևէ մեկը այս գործընթացում Հայաստանի շահերի ուսուցիչն է: Եվ այնպես չէ, որ ուղղակի ցանկացած գնով բանակցությունները շարունակելու համար պետք է գնալ նաև սեփական անվտանգության, շահերի ոտնահարմանը ինչ է թե Ալիևը համաձայնվի, ինչ է թե Ալիևը պահպանի իր դեմքը»,- նկատեց պարոն Սաֆարյանը:
Բանախոսի դիտարկմամբ՝ նախկինում մենք նստած սպասում էինք, թե Մինսկի խմբի համանախագահները մեզ ինչ առաջարկներ են բերելու, անելու, որոնց մենք կհամաձայնեինք, կամ ոչ. «Հիմա ՀՀ-ն քայլեր է անում՝ դրանցով ուղղակիորեն պարտադրելով բոլորին, սկսած Ադրբեջանից վերջացրած Մինսկի խմբի համանախագահներով, դիրքորոշում հայտնել: Ես կարծում եմ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այժմ, այո՛, դրական իմաստով ձեռնոց նետող քաղաքականություն է, և բացարձակապես չի պատրաստվում Հայաստանի շահերի հաշվին բավարարել որևէ այլ երկրորդական շահ»:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ