Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը մարտի 14-ին հանդիպումներ են ունեցել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին ներկա է եղել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնը
Առաջին հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ է եղել:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համազեկուցողներին ներկայացրել է խմբակցության օրակարգը, առաջնահերթությունները՝ մասնավորապես սուպերվարչապետական համակարգից խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցում դիրքորոշումները եւ առաջարկները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ սահմանադրական փոփոխություններին, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին եւ մարդու իրավունքների ոլորտում օրենսդրությանը վերաբերող մի շարք հարցեր:
Համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը հանդիպել են նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է մեր երկրում մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, կարեւորել դրանց աստիճանական զարգացումը: Պատգամավորն անընդունելի է համարել հատկապես սոցցանցերում քաղաքական գործիչների նկատմամբ ատելության քարոզը:
Միքայել Մելքումյանը ներկայացրել է տնտեսական ոլորտում առկա խնդիրները, մատնանշել դրանց լուծման ուղիները: Ըստ պատգամավորի՝ հնարավոր ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ են հստակ պայմաններ: Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ պետք է բարեփոխել հարկային օրենսդրությունը:
Արման Աբովյանը կարեւոր է համարել միջազգային կառույցների հետ գործակցությունը, տարբեր ոլորտներում միջազգային փորձի արդյունավետ կիրառումը մեր երկրում:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել խմբակցության քաղաքական օրակարգի հարցերին:
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսել է այն օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնք նախաձեռնել է իրենց խմբակցությունը: Նա նաեւ անդրադարձել է նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներին:
Համազեկուցողները հետաքրքրվել են խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացմանն ուղղված քայլերի մասին, որոնց վերաբերյալ խմբակցության անդամները պարզաբանումներ են ներկայացրել:
Համազեկուցողների հետ հանդիպել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը խոսել է նորաստեղծ հանձնաժողովի աշխատանքների եւ մարդու իրավունքների ոլորտի առաջնահերթությունների ու խնդիրների մասին: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի անդամներն այցելել են կանանց քրեակատարողական հիմնարկ ու նմանատիպ այցերը շարունակական բնույթ են կրելու՝ նպատակ ունենալով մոնիթորինգի ենթարկել հատուկ հաստատություններում եւ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները:
Հյուրերի խնդրանքով անդրադառնալով մեր երկրում խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին՝ Անի Սամսոնյանը խոսել է հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում հնչող ապատեղեկատվության եւ ատելության քարոզի մասին: Նա խնդիրը կանոնակարգելու համար կարեւորել է ներպետական մեխանիզմների ներդնումը: Պատգամավորը հարցը բարձրաձայնել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում:
Անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկների խնդիրներին, պրոբացիոն ծառայության կատարելագործմանը, Հայաստանի կողմից Ստամբուլի կոնվեցիայի վավերացմանը եւ այլ հարցերի:
Յուլիա Լյովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ :
Կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումը խորհրդարանի առաջնային հարցերից է եւ կարեւորել առաջիկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը:
Զրուցակիցներն անդրադարձել են Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվող, ինչպես նաեւ Կառավարության կառուցվածքային փոփոխություններին:
ՀՀ Ազգային ժողով