«Այդպես եղել է բոլոր նախագահների, այդպես է նաեւ Նիկոլ Փաշինյանի օրոք»,- սա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի պատասխանն է լրագրողների այն հարցին` ինչո՞ւ իրենց չի հաջողվում հասնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը: Ռուբեն Սահակյանն ասում է`պաշտպանները միշտ էլ դժվարությամբ են հասել խափանման միջոցի փոփոխության. «Ես սպասում էի, որ փոփոխություններ են լինելու: Իմ կոլեգաներն ասում էին նախորդ իշխանությունների համար, հիմա անում են նույն բանը: Ի՞նչն է պատճառը, որ մինչեւ հիմա գործերը չեն մտնում դատարան։ Հարությունյան Միքայելի գործը կուղարկե՞ն Մոսկվա, որովհետեւ նա ՌԴ քաղաքացի է, իրեն չեն հանձնում»։
Հիշեցնենք, այսօր առավոտյան 10։00-ից մեկնարկած նիստը դեռեւս ընթանում է: ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին: Ռոբերտ Քոչարյանը այսօր ներկա է նիստին: Երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ` «Մարտի 1»-ի քրեական գործով: Նա կալանքի տակ է դեկտեմբերի 1-ից։
Ռուբեն Սահակյանը լրագրողներին նաեւ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է այսօր ելույթով հանդես գալ։ Պաշտպանը հիշում է երկրորդ նախագահի առաջին օրվա ելույթը. «Նա մի չքնաղ ելույթ ունեցավ»։ Ռուբեն Սահակյանը կարծում է, որ կգա ժամանակը, եւ գործի նյութերի մի մասը կհրապարակվի, ու այդ ժամանակ ամեն ինչ շատ ակնհայտ կդառնա. «Օրինակ, ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ հաղորդագրություն ստանալով Ազգային անվտանգության ղեկավարի կողմից, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել, փորձում են միանալ ժողովրդին, մարդիկ զինված են: Լսած կլինեք, որ խոսքը գնում է գեներալ Մանվելի, գեներալ Մելքոնյանի մասին։ Վերջերս նրա (ՊՆ փոխնախարար Գագիկ Մելքոնյանի-Ն. Գ.) մի ելույթը լսեցի, որտեղ ասում է՝ հատուկ գնդի ութսուն տոկոսը միացել է ցուցարարներին: Ի՞նչ է սա նշանակում. զինվորականները միացե՞լ էին ցուցարարներին, ի՞նչ իրավունքով, երբ նրանք դուրս են քաղաքական գործընթացներից։ Այս առումով է, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես ժողով եմ արել եւ ասել եմ՝ բանակը մի ներքաշեք»։ Այլապես, ըստ պաշտպանի, Ռոբերտ Քոչարյանին կմեղադրեին անգործության մեջ։ «Եթե արտակարգ դրություն չմտցներ, շատ եմ ցավում, որ մենք ունեցել ենք 10 զոհ, եթե ավելին լինեին, կասեին՝ Ռոբերտ Քոչարյանը անգործության մատնվեց, ինչքան զոհ ունեցանք»,- հավելեց նա։
Ռոբերտ Քոչարյանի դեմ տրված ցուցմունքների մասով է, պաշտպանը մանրամասնում է, թե «մի սերժանտի հարց են տալիս՝ ի՞նչ գնահատական կտաք, արդյոք չի՞ խախտել Սահմանադրությունը. նա իրավաբան չի, ո՞նց կարա էդ հարցին պատասխանի, ախր ո՞նց ես էդ հարցը տալիս մի մարդու, որը պատասխանելու իրավասություն էլ չունի»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ