«Կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է կան 9 հատ հյուրանոցային երկհարկանի քոթեջներ: Առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, վերեւի հարկում երեք ննջասենյակ, դրանք նույնպես փակի տակ են: Եվ կա կենտրոնական մասնաշենքն ու սպորտ համալիրը: Կենտրոնական մասնաշենքի որոշ հատվածը եւ սպորտային համալիրը օգտագործվում է վարժարանի սաների կողմից, մնացած մասը նույնպես չի օգտագործվում»,-այսօր անդրադառնալով Դիլիջանի ուսումնական կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակին ասաց, Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարոն Բաբայանն ասաց, որ կիրակի օրն է եղել Դիլիջանի ուսումնական կենտրոնում, որի մի մասն այժմ, որպես վարժարան է գործում, եւ ծանոթացել է թե ինչ գույք ու հնարավորություններ ունի կենտրոնը:
Պետգույքի ղեկավարի խոսքով, այդ գույքի պահպանության համար պետբյուջեից տարեկան միլիոններ է ծախսվում:
«Ուղղակի պետք է հասկանալ՝ինչ ավելի լավ լուծումներ կարող ենք գտնել: Համենայն դեպս վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ: Հասկանալի է, որ վարժարանը պետք է ապահոված լինի շատ լավ պայմաններով, բայց դա չի նշանակում, որ պետք է դնել ու օգտագործել այդ գույքը, որի վրա այդքան միլիոններ է ծախսվել: Եվ հիմա էլ պահպանության համար հսկայական գումարներ է հատկացվում: Այն ինչ արվել է, բոլորը շատ լավ գիտեն: Դա ՊԵԿ-ի համար կառուցվում էր որպես ուսումնական եւ առողջարանային կենտրոն, բայց ապրիլյան պատերազմից հետո, հաշվի առնելով ժողովրդի ցասումը, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, կենտրոնը հատկացվել է այդ ժամանակ շատ վատ գույքային պայմաններ ունեցող ռազմաուսումնական վարժարանին»:
Ըստ Նարեկ Բաբայանի, այդ քոթեջների առաջին հարկում խոհանոց է, սանհանգույցներ, վերեւի հարկում երեք ննջասենյակներ, դրանք նույնպես փակի տակ են: Եվ կա կենտրոնական մասնաշենքն ու սպորտ համալիրը. «Կենտրոնական մասնաշենքի որոշ հատվածը եւ սպորտային համալիրը օգտագործվում է վարժարանի սաների կողմից, մնացած մասը նույնպես չի օգտագործվում»:
Ըստ պետգույքի ղեկավարի, տարածքն ամբողջովին տրված է վարժարանին, բայց վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք չնայած ունի, բայց չի կարող պատշաճ մատուցել:
Նարեկ Բաբայանի խոսքով նախ՝ վարժարանի համար պետք է բարեկարգ պայմաններով տարածք հատկացնել, հետո տեղափոխել ու որոշել ուսումնական կենտրոնն ինչպես պետք է օգտագործեն, որպեսզի պետությունը շահույթ ստանա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ