Հայաստանի կառավարության ջանքերը՝ փոխել բանակցությունների ձևաչափը, անընդունելի է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի համաշխարհային 7-րդ համաժողովի բացմանը:
Անդրադառնալով երկրի վարած արտաքին քաղաքականությանը՝ Ալիևը նշել է, որ իրենք վարում են անկախ, կանխատեսելի և կայուն արտաքին քաղաքականություն՝ ուղղված ազգային շահերի պաշտպանությանը:
«Մեր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Այստեղ խոսք չի կարող լինել նոր քաղաքականության մասին: Սակայն, բնականաբար, իրավիճակն աշխարհում փոխվում է, և մեր արտաքին քաղաքական նախաձեռնությունները համաձայնեցվում են դրանց հետ»,- ասել է նա:
Ալիևը նշել է, որ բոլոր երկրների հետ սերտ հարաբերություններ կառուցելը առաջնահերթություն է Բաքվի արտաքին քաղաքականության մեջ: «Այդ քաղաքականությունն ուղղված է գործընկերությանը, փոխգործակցությանը և տարածաշրջանային կայունության պահպանմանը: Ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքական ուղղություններին, ապա մենք, բնականաբար, հանդես ենք գալիս տարբեր նախաձեռնություններով: Մենք ավելի ենք խորացրել հարաբերությունները մեր ավանդական գործընկերների հետ, և միաժամանակ, ձեռք ենք բերել նոր բարեկամներ»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ