2018 թվականին ՀՀ համախառն արտաքին ապրանքաշրջանառությունը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է մոտ 16․4%-ով և կազմել 7․375 մլրդ դոլար, որից ավելի քան 4․9 մլրդ դոլարը բաժին է ընկնում ներմուծմանը։ 2017 թվականի համեմատ 2018-ին ներմուծումն աճել է 21․1%-ով։ Փորձենք, սակայն, հասկանալ, թե ինչ կառուցվածք է ունեցել ներմուծումը 2018 թվականին, և որ երկրներն ինչպիսի մասնաբաժին ունեն դրանում։
Ներմուծում ըստ ամիսների
Ինչպես նշեցինք, 2018-ին ներմուծումը 2017-ի համեմատ աճել է մոտ 21․1%-ով՝ 4097․1 մլն դոլարից հասնելով 4963․2 մլն դոլարի։
Գրաֆիկից պարզ է դառնում, որ բոլոր ամիսներին ունեցել ենք ներմուծման գծով ապրանքաշրջանառության աճ (բացառությամբ դեկտեմբերը)։
Ի տարբերություն նախորդ՝ 2017 թվականի, անցյալ տարվա ընթացքում ներմուծվող ապրանքատեսակների գծով առաջատարը մեքենաներն ու սարքավորումներն են՝ 935․3 մլն դոլար կամ ներմուծման շուկայի 18․8 տոկոսը։ Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներից են նաև հանքահումքային արտադրանքը՝ 718․5 մլն դոլար (14.5%), պատրաստի սնունդը՝ 399.7 մլն դոլար (8%), քիմիական արդյունաբերության արտադրանքը` 396 մլն դոլար (7․9%), տրանսպորտային միջոցները՝ 362․1 մլն դոլար (7․3%), ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից ստացված իրերը՝ 340 մլն դոլար (6․8%) և մանածագործական իրերը՝ 318 մլն դոլար (6․4%)։
Հատկանշական է, որ մեքենաների ու սարքավորումների ներմուծումն անցած տարի, նախորդ տարվա համեմատ, աճել է մոտ 50 տոկոսով, իսկ տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալները՝ 46 տոկոսով։ Եվ եթե տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների նմանօրինակ աճը կարելի է կապել մաքսային արժեքի գնահատման մեթոդաբանության (էժանացման) հետ, ապա մեքենաների և սարքավորումների ներմուծման աճը ապագայում արտադրական ձեռնարկությունների աճի ու հզորացման լուրջ հայտ է։
Ներմուծման աշխարհագրությունը
Բավականին բազմազան է նաև ներմուծման աշխարհագրությունը։ Ինչպես և 2017 թվականին, նախորդ տարի ևս առաջատար են ԵԱՏՄ անդամ երկրները, որտեղից ներմուծված ապրանքները կազմում են ներմուծման ծավալների 29 տոկոսը։ Այս երկրներից 2018-ին Հայաստան են ներմուծվել մոտ 1,4 մլրդ դոլարի ապրանքներ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 9․8 տոկոսով։ ԵԱՏՄ երկրներից ներմուծման գրեթե ողջ ծավալը բաժին է հասնում Ռուսաստանին։ ԵԱՏՄ երկրներից հիմնականում ներմուծվում է բնական և հեղուկ գազ, նավթ և նավթամթերք, շինանյութ, ինչպես նաև սննդամթերք։
ԱՊՀ այլ երկրներից ներմուծվել են ավելի քան 189 մլն դոլարի ապրանքներ, որը կազմում է ընդհանուր ներմուծման 3․8%-ը։ Հատկանշական է, որ այս երկրներից ներմուծումը 2018-ին, 2017-ի համեմատ, աճել է 44․7 տոկոսով։ Այս երկրներից ամենախոշոր գործընկերն Ուկրաինան է (152․5 մլն դոլար)։
Ներմուծվող ապրանքների հաջորդ խոշոր մասնաբաժինը ԵՄ-ից է։ Եվրամիության երկրներից ներմուծումը 2018 թվականին աճել է 30․5 տոկոսով և կազմել 1 233 միլիոն դոլար կամ ներմուծման 24․8 տոկոսը։ Ինչպես և 2017-ին, 2018-ին ևս Եվրամիության անդամ երկրներից Հայաստանի ամենախոշոր գործընկերները շարունակում են մնալ Գերմանիան (256 մլն դոլար) և Իտալիան (157․1 մլն դոլար)։ Ի դեպ, Գերմանիայից ներմուծվող ապրանքների գծով աճը 2017-ի համեմատ կազմել է մոտ 50 տոկոս։ Եվրամիությունից հիմնականում ներմուծվում են ավտոմեքենաներ, դեղորայք, կոշկեղեն, օծանելիք, արտադրական սարքավորումներ, պատրաստի սնունդ։
Այլ երկրներից ներմուծումը 2018-ին աճել է 23․2 տոկոսով և կազմել ավելի քան 2,1 մլրդ դոլար, որը ներմուծման ընդհանուր ծավալի 42․4 տոկոսն է։ Այս երկրներից ամենախոշորներն են Չինաստանն ու Վրաստանը, համապատասխանաբար՝ 7․7 տոկոս և 7․5 տոկոս մասնաբաժիններով։ Այլ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների գծով բավականին մեծ մասնաբաժին ունեն նաև Իրանը (5․4%), Միացյալ Արաբական Էմիրությունները (3․9%), Ամերիկայի Միացյալ Նահանգները (3․8%) և Թուրքիան (3․3%): Այս երկրներից հիմնականում ներմուծվում են հեռախոսներ, պլանշետներ, համակարգիչներ և կապի այլ միջոցներ, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, շինանյութ, տեքստիլ արդյունաբերության ապրանքներ, սնունդ, պարարտանյութեր, ինչպես նաև նավթ և նավթամթերք։
Սևադա Ղազարյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»