Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նշանակալի գործարք

Մարտ 14,2019 17:25

Հայաստանյան երեք բանկերի համատեղ ֆինանսավորմամբ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ իրականացվել է գործարք, որի շրջանակում արտասահմանյան ռազմավարական ներդրողի կողմից ձեռք է բերվել հայկական ընկերություն: Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Chaarat Gold Holdings ընկերությունը 55 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը` նույն բորսայում ցուցակված ռուսական Russian Polymetal Group ընկերության դուստր ձեռնարկությունից:

Գործարքն իրականացվել է Ամերիաբանկի նախաձեռնությամբ, հայաստանյան երկու գործընկեր բանկերի հետ համատեղ՝ համախմբելով 40 մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրս, որից 32 մլն ԱՄՆ դոլարն ապահովվել է Ամերիաբանկի կողմից: 

«Այս գործարքով հայկական բանկերը միջազգային ֆինանսական հանրությանն ապացուցեցին նման բարդ գործարքներ իրականացնելու, ինչպես նաև տեղական ֆինանսական ռեսուրսները միջազգային գործարքների ֆինանսավորման համար համախմբելու իրենց կարողությունը: Բացի այդ, գործարքը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ է միջազգային կապիտալի և ներդրումների համար», – ասաց Բանկի Կորպորատիվ ներդրումային բանկային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Գագիկ Սահակյանը:

«Ուրախ ենք, որ այս գործարքով մենք դարձանք Հայաստանում առաջին խոշոր օտարերկրյա ներդրողը հեղափոխությունից հետո: Շրջակա միջավայրի, սոցիալական և կորպորատիվ կառավարումը առանցքային դեր ունեն մեր ընկերության մշակույթում, ինչպես նաև ռազմավարության և գործունեության մեջ: Դրանք համահունչ են Հայաստանում գործունեության թափանցիկության ապահովման նոր ձևավորված սկզբունքներին: Հայաստանը մեզ համար բիզնես գործունեություն ծավալելու հիանալի հնարավորություններ է ընձեռում», – նշեց «Չաարաթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արտեմ Վոլինեցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031