ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարության մեջ կոչ էին արել զերծ մնալ ձեւաչափի փոփոխության մասին հայտարարություններից:
Ու սա տարբեր կերպ է մեկնաբանվում՝ ընդհուպ մինչեւ այն՝ այդ խոսքերն ուղղված են Ադրբեջանին, որն ուզում է արցախյան հարցի կարգավորումը տեղափոխել այլ ձեւաչափ՝ ՄԱԿ, ՆԱՏՕ: Իսկ այն, ինչ առաջարկում է հայկական կողմը՝ Արցախի ներգրավումը բանակցությունների սեղանին, դա ձեւաչափի փոփոխություն չէ, քանի որ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ ստացել է, այն հաստատվել է ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում:
Այս առնչությամբ, երբ հարց ուղղեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, թուրքագետ Վաղարշակ Հակոբյանին, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀ դիվանագիտական կորպուսն այսօր գտնվում է բավականին հուսալի ձեռքերում եւ այն գնահատականները, որ հնչեցնում է մեր արտգործնախարարությունը, կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, այն գնահատականները, որ հնչեցվում է պաշտպանության նախարարության կողմից՝ Արցախի շուրջ, սրանք այն թիրախային ձեւաչափերն են, որոնց վրա հիմնվելով՝ մենք պետք է կառուցենք մեր հետագա բանակցությունների ընթացքը: Ձեր նշած մտավախության հետ կապված կարծում եմ արտգործնախարարությունը համապատասխան դիրքորոշում հայտնել է, եւ ես լիովին կիսում եմ այդ դիրքորոշումը: Ես գտնում եմ, որ մեր արտաքին դիվանագիտական կորպուսն այս պահին ընթանում է ճիշտ ճանապարհով»:
Մեր հարցին՝ մի կողմից չի ողջունվում Արցախի ներգրավումը բանակցություններին, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք միայն Հայաստանի անունից ենք իրավասու բանակցել, Արցախի անունից չենք բանակցի, բանակցություններն այս դեպքում փակուղի չե՞ն մտնելու՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, մեր որդեգրած քաղաքականությունն Արցախի հարցում բավականին արդյունավետ է, եւ վարչապետի առաջարկած ձեւաչափը որոշ ժամանակ անց իր դրական արդյունքները տալու է միանշանակ»:
Հարցին՝ ըստ ձեզ, ո՞ր փուլից ո՞ւմ մեղքով Արցախը դուրս մնաց բանակցությունների սեղանից՝ պատգամավորը պատասխանեց, որ «պատմական ակնարկ անելու ցանկություն ես չունեմ, այն, ինչ կատարվել է, կատարվել է մեր բոլորի աչքի առաջ: Ես կուզեի ու ձեզ կհորդորեի, որ մենք խոսենք ավելի շատ ապագայի մասին: Այն տեսակետը, որ այժմ մեր արտաքին դիվանագիտական կորպուսը, կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, առաջ է քաշում, ես ձեզ հավաստիացնում եմ, դա բավականին էֆեկտիվ ձեւաչափ է»:
Փորձագիտական, վերլուծական շրջանակներից գնահատական կա, որ Մինսկի խմբի հայտարարությունը խոսում է այն մասին, որ ըստ միջազգային հանրության, Հայաստանը հակված է որոշակի զիջումների, հարցին՝ դուք նման տպավորություն ստանո՞ւմ եք հայտարարությունից՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Նախ, մենք պետք է հասկանանք, թե ասող կողմը ի՞նչ է պատկերացնում զիջումը, նոր քննարկենք այդ հարցը: Բայց ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը գործում է բացառապես ՀՀ քաղաքացու եւ Արցախի շահերից: Այնպես որ, ես վստահեցնում եմ ձեզ, առաջարկված ձեւաչափն ամենաարդյունավետն է, ես ինքս այդպես եմ կարծում»:
Վերլուծաբանները Մինսկի խմբի համանախագահների այդ հայտարարության հիմքում մի քանի հենք են տեսնում, թե ինչու են նման տեսանկյունից հարցին մոտեցել, օրինակ, առաջին անգամ Հայաստանի եւ Արցախի ղեկավար կազմի միջեւ որոշակի լարվածություն կա, նաեւ ՀԱՊԿ-ում մենք ունենք որոշակի խնդիրներ: Հարցին՝ դուք այդ ամենը հայտարարության հիմքում տեսնո՞ւմ եք՝ Վաղարշակ Հակոբյանը նորից պատասխանեց. «Ես եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին դիվանագիտական կորպուսը բավականին համապարփակ ձեւով տիրապետում է բոլոր առկա խնդիրներին, եւ նրանք իրենց արձագանքներում միշտ տալիս են արժանի չափորոշիչ գնահատական: Դուք եւ ես, որպես ՀՀ քաղաքացի, իհարկե, պետք է ունենանք մեր կարծիքը, բայց ես կարծում եմ, ճիշտ կլինի մեր հրապարակային ելույթները մենք կառուցենք ընդհանուր դիվանագիտական համագործակցության հիման վրա: Ես չեմ կիսում այդ մտավախությունները եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել՝ մեր դիվանագիտական կորպուսը լիովին տիրապետում է առկա իրավիճակին»:
Վերջում հարցրեցինք՝ որպես պատգամավոր, ձեզ համար Միսնկի խմբի հայտարարությունը մտահոգի՞չ էր, նորմա՞լ էր, ի՞նչ տպավորություն ունեցաք դուք՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Ես եւս մեկ անգամ ուզում եմ նշել՝ ես կիսում եմ արտաքին դիվանագիտական կորպուսի առաջարկած թեզը»: Հարցին՝ թեզը հասկանալի է, բայց հայտարարությունը մտահոգե՞լ է ձեզ՝ պատգամավորը պատասխանեց. «Դուք անընդհատ նույն բանի մասին եք հարցնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ