Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Մեխատրոնիկա» մասնագիտության կարճաժամկետ դասընթացի մասնակիցների ավարտական վկայագրերի հանձնումը: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Յուլիա Ստակյանը, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Տիգրան Թադևոսյանը։
Միջոցառմանը ներկա էին սոցիալական գործընկերներ, գործատուներ և Վանաձորի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ուսանողները ներկայացել են իրենց հեղինակած հավաքածուներով:
Միջոցառման ավարտին երկու հուշագիր է ստորագրվել, մասնավորապես, «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Համաձայն հուշագրի՝ կենտրոնում ընդգրկված ընկերությունները կաջակցեն քոլեջին՝ «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման գործում: Մեկ այլ հուշագիր է ստորագրվել «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և «Գլորիա» կարի ֆաբրիկայի միջև, համաձայն որի՝ կկազմակերպվի «Կարի տեխնոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողների պրակտիկան, ինչպես նաև աջակցություն կտրամադրվի քոլեջի շրջանավարտներին՝ աշխատանքի տեղավորման հարցում:
ՀՀ ԿԳՆ