ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ-ում հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն գաղափարին, որ ԱԺ-ում ղարաբաղյան հարցի կարգավորման թեմայով լսումներ կազմակերպվեն, դե՞մ է այդ ձեւաչափով քննարկմանը, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Ընդհանրապես ես կարծում եմ, որ խորհրդարանական լսումները կարեւոր են, բայց կարեւոր է դրա ժամանակը, թեման եւ նպատակահարմարությունը: Հասկանանք, որ բաց լսումների կարիք կա՝ կկազմակերպենք»:
Վաղը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանձնաժողովի հրավերով ԱԺ է գալու՝ փակ հանդիպման: Ռուբինյանն ասաց, որ այդ քննարկմանը նաեւ հրավիրել է այն խմբակցությունների ղեկավարներին, որոնք հանձնաժողովի անդամ չեն:
Թե ինչու են հանդիպումը փակ անում, Ռուբինյանն ասաց. «Տրամաբանությունն այն է, որ արտաքին քաղաքականությունը սպեցիֆիկ ոլորտ է, որպեսզի հնարավորինս մանրամասն, դետալային, անկաշկանդ ոլորտում հնարավոր լինի, որպեսզի պատգամավորները տան իրենց հարցերը եւ ստանան իրենց պատասխանները, այս պահին նպատակահարմար է, որպեսզի հանդիպումը փակ լինի»:
Հարցին՝ չե՞ք բացառում, որ հանդիպումից հետո նաեւ օգտագործվի խորհրդարանական լսումների գործիքը՝ նա պատասխանեց. «Իհարկե, չեմ բացառում», նա հավելեց, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում:
Ռուբինյանը, խոսելով Արցախում երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի մասին, ասաց. «Ես ամբողջովին կիսում եմ Ստեփանակերտում վարչապետի արած հայտարարության բովանդակությունը եւ ոգին: Կարծում եմ, մենք պետք է շարունակենք առաջ տանել այն գաղափարը, որ եթե մենք ուզում ենք արդյունավետ եւ բովանդակային բանակցություններ, ապա անհրաժեշտ է, որ այն սուբյեկտը, որի ճակատագրի մասին է ընդհանրապես այս գործընթացը, լինի ներկայացված բանակցություններում: Ես խոսում եմ Արցախի մասին: Պետք է նաեւ շեշտել, որ սա բանակցությունների նախապայման չէ եւ վարչապետը բազմիցս նաեւ ասել է, որ նա պատրաստ է բանակցել Հայաստանի անունից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ