Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ մենք խոսում ենք բնակչությանը խաղաղության պատրաստելու մասին, Ադրբեջանը մի վայրկյան չի դադարել պատրաստվել պատերազմին». Կարեն Վրթանեսյան

Մարտ 14,2019 15:57

«Սա հայտարարվող թվով ամենալայնամասշտաբ զորավարժությունը չէ»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը՝ անդրադառնալով այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին:

Նա նշեց՝զորավարժությունները, ինչպես հայտնի է, կրում են հարձակվողական բնույթ, որը ենթադրում է առաջնագծի տարբեր հատվածներում՝ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հայտնի սցենարի ճեղքում. «Զորավարժությունները ենթադրում են հրետանու կիրառմամբ մեր դիրքերին հարվածներ, զրահատանկային ստորաբաժանումների միջոցով ճեղքում և հայկական ստորաբաժանումների ջախջախում: Ընդգրկված են հիմնականում հրթիռահրետանային ստորաբաժանումներ, այդ թվում տարբեր հրթիռային, հրթիռահրետանային և մոտորահրաձգային բրիգադներ: Ներգրավվել է առանձին ենթակայության հրթիռային բրիգադը, դրա կազմում Պոլոնեզ, իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր: Խաղարկվում է նաև թիկունքային կորպուսից դեպի օպերատիվ շրջաններ՝ տվյալ դեպքում զորավարժությունների անցկացման վայր՝ Մինգեչաուրի մոտ գտնվող զորավարժարան, թիկունքային ուժերի տեղափոխում»:

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտարարեց՝ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի. «Սթափվելու ժամանակն է: Այն խոսակցությունները, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության, որ այսօր այսպես ենք ուզում, հետո այնպես, այդ ամենը մի քիչ անլուրջ է: Ադրբեջանը խաղաղության սպասումներ չունի: Մինչ մենք խոսում ենք խաղաղության մասին, բնակչությանը խաղաղության պատրաստելու մասին, Ադրբեջանը մի վայրկյան չի դադարել պատրաստվել պատերազմին»:

Կարեն Վրթանեսյանը համոզված է, որ այս կարգի լայնամասշտաբ գործողությունները նախևառաջ պետք է դիտարկել հենց ռազմական հարթության, այլ ոչ թե ուղերձների հարթությունում. «Եթե ինչ-որ դիվերսիոն գործողություններ, դիպուկահարների կրակոցներ են լինում, դա ակնհայտորեն նաև հոգեբանական ճնշման դերակատարություն ունի: Տվյալ դեպքում հակառակորդն իր մարտական պատրաստվածությամբ է զբաղված. փորձարկում է գործողություններ, որոնք առաջնագծի տարբեր հատվածներում ռազմական գործողությունների փորձարկումներ են»:

Այն, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստն անցկացվեց Արցախում, Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ կապ չունի ադրբեջանական զորավարժությունների, կամ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ: Այս առիթով նա մանրամասնեց. «Արմեն Գրիգորյանն ասաց, որ դա վաղուց է պլանավորվել: Առաջին հերթին դա անհրաժեշտ է դիտակել որպես նախապատրաստում ռազմական գործողություններին: Չեմ ասում, որ հստակ պատերազմ, ռազմական գործողությունների ժամկետներ կան, բայց մենք միշտ պետք է հիշենք, համոզված եմ, որ պաշտպանության ոլորտի պատասխանատուները միշտ հիշում են, որ Ադրբեջանը ցանկացած հնարավորություն փորձելու է օգտագործել ուժով հողեր խլելու համար: Ինչպես դրա փորձն արվեց ապրիլյան պատերազմի օրերին, ցանկացած պահի դրա նման բան կարող է կրկնվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031