Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել է վրացի մասնագետների օգնությունը Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման գործում: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Վրաստանի նախագահը նաև հանդես է եկել երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին պայմանագիրը վերականգնելու գաղափարով, որի ժամկետը լրացել է դեռ 2018թ.: Առաջին անգամ այդ համաձայնագիրը ստորագրվել էր 2013թ.:
«Մենք միասին շատ ավելին կարող ենք անել, քան առանձին-առանձին, մենք դեռ շատ բան ունենք անելու»,- ասել է Զուրաբիշվիլին:
Ըստ հաղորդագրության, ինչպես նախագահ Արմեն Սարգսյանի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը Զուրաբիշվիլին կողմ է արտահայտվել, որպեսզի վրացահայերն ավելի մեծ ներգրավվածություն ունենան Վրաստանի հասարակական-տնտեսական կյանքում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ