Ինչպես հայտնի է`մարտի 8-ի ուշ երեկոյան Գյումրու կենտրոնում գտնվող «Կարոնա» սուպերմարկետի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որն ավարտվել էր դանակահարությամբ․ կտրած-ծակած վերքերով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սուպերմարկետի 47-ամյա մենեջերը։
Թե ո՞րն էր եղել վիճաբանության պատճառը, մեր աղբյուրների տեղեկացմամբ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երկու անձինք մտել են սուպերմարկետ, որտեղ էլ վիճաբանություն են սարքել, հայհոյանքներ հնչեցրել իրենց թարս հայացքով նայելու թեմայով։ Վիճաբանող կողմերից մեկը, ըստ նախնական տվյալների, եղել է Վարդան Ղուկասյանի կրտսեր փեսան ու նրա ընկերը։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը սակայն նշում է, որ թեև օպերատիվ մարմնի տեսադաշտում կան ենթադրյալ հանցանք կատարած անձանց վերաբերյալ տվյալներ, բայց այս պահին դեռևս բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել որևէ անձի կողմից տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։ Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում։
Դատախազը տեղեկացրեց նաև, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»։ Այս քրեական գործի քննության շրջանակներում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ նույն օրենսգրքի 258 հոդվածի՝ «Խուլիգանության» 4-րդ մասի հատկանիշներով, այս երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, կատարվում է համատեղ քննություն։
«Ե՛վ քննչական ապարատը, և՛ ոստիկանությունը կատարում են ամբողջ ծավալով նախատեսված աշխատանքներ գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ