ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ։ Ու թեեւ պատգամավորն իր հիմնավորմամբ փորձում է բուքմեյքերական գրասենյակների փակմանը հասնել Հայաստանում խաղամոլությունն արմատախիլ անելու համար, սակայն, մասնագետների պնդմամբ, իրականում այդպես որեւէ հարց չի լուծվում, միեւնույն է, խաղամոլները խաղադրույքներ կկատարեն համացանցի միջոցով։
Նշենք, որ այս նախագծի ամբողջ հիմնավորման մեջ հղում է արվում այն մտքին, որ այսպես մարդիկ խաղամոլ չեն դառնա եւ գումարները չեն վատնի։ Սակայն դրանից զատ մի քանի ասպեկտներ անտեսված են։ Օրինակ, այս նախագծի ընդունման հետեւանքով մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ։ Մոտավոր հաշվարկներով՝ ընկերություններից յուրաքանչյուրն ունի 400-ից ավել աշխատակից, իսկ տարածքի տերերը, որտեղ գտնվում են այդ կենտրոնները, կզրկվեն վարձակալության գումարներից։ Դա էլ մեծ թվով տարածքների մասին է։
Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2017 թվականին 5 կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 212 մլն դրամ՝ առանց տեղական հարկերի եւ տուրքերի, իսկ շահույթը կազմել է 3 մլրդ 110 մլն դրամ։ Արդեն 2018 թվականին 4 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցել 4 մլրդ 119 մլն դրամ։ Սրանք փաստական տվյալներ են, որոնք չեն լինելու նախագծի ընդունումից հետո, իսկ, օրինակ, նախագծի հիմնավորման մեջ ոչ մի փաստացի տվյալ առկա չէ եւ միայն հուզական մեկնաբանություններ են։ Մասնավորապես, երբ ասվում է՝ մոլախաղերով զբաղվելու հետեւանքով ընտանիքները հայտնվել են ծանր դրության մեջ, կամ անչափահասների մասնակցության դեպք է գրանցվել, ապա ոչ մի տվյալ առկա չէ, եւ միայն ենթադրությունների դաշտից են։
Ի դեպ, բուքմեյքերական գրասենյակների փակման մասին մի քանի անգամ խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն նա նշել է, թե այդ քայլին պետք է գնալ աստիճանաբար, այլապես կարող է տնտեսության մեջ, հատկապես անշարժ գույքի շուկայում լուրջ ցնցումներ լինեն։ «Աղքատության այսպիսի շեմ ունեցող երկրում շատ են խաղադրույքներ անողները։ Կարծում եմ՝ դա նաեւ հուսահատությունից է։ Այս ուղղությամբ մենք հետեւյալ քայլերը պետք է անենք՝ խիստ սահմանափակել գովազդները, էականորեն փոխել հարկային ռեժիմն ու քայլ-քայլ գնալ բուքմեյքերական գրասենյակների սահմանափակմանը ու փակմանը»,- նախորդ տարվա հոկտեմբերին ասել էր Փաշինյանը՝ հավելելով որ ինքը կողմ է՝ օր սահմանվի, ու բուքմեյքերական գրասենյակները փակվեն, սակայն մասնագետներն ասում են՝ դա վտանգավոր է. «Մասնագետները նշում են, որ անշարժ գույքի շուկայում կարող են ցնցումներ լինել»։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում