Հարցազրույց հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի հետ
– Արտախորհրդարանական դաշտում նկատելի՞ է ընդդիմադիր բեւեռ, կա՞ դաշտ այդպիսի բեւեռ ձեւավորելու համար, թե՞ դեռ էյֆորիան չի նահանջել, ու նոր Հայաստանում անշնորհակալ գործ է ընդդիմություն լինելը։
– Միանշանակ, կա պարարտ դաշտ, կան անհատներ։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք. չունենք որեւէ հարթակ, որտեղ այդ անհատներն իրենց տեսակետներում միավորված կլինեն կամ կկարողանան վերջին հաշվով իրենց տեսակետները հասցնել կառավարությանը։ Բոլոր ժամանակահատվածում էլ եղել են անհատներ, բայց նրանք, ի վերջո, չեն ձեւավորել այն հարթակը, էլիտան, որը կարող է հակակշիռ ներկայացնել։ Այսօր, այո, բացը կա, բայց առայժմ կարելի է հանդիպել միայն անհատների, որոնք հայտնում են իրենց մտահոգությունները։ Ոմանք նույնիսկ խողովակներ չունեն այդ մտահոգությունները հայտնելու, այստեղ, իհարկե, կան անելիքներ, պետք է ստեղծել ռեալ հարթակ, որը կմիավորի տեսակետներ ունեցող անհատներին։ Տեսակետ հայտնելը դարձել է լուրջ խնդիր, մարդիկ այսօր կա՛մ վախենում են իրենց տեսակետը հայտնել, կա՛մ տեսակետ չունեն, կա՛մ խողովակ չունեն տեսակետ հայտնելու, սա ժողովրդավարության համար իրական խնդիր է ու պետք է հաղթահարվի։
– Իշխանությունից տարբերվող տեսակետ ունեցողներին անմիջապես հռչակում են հակահեղափոխականներ, միգուցե նաեւ սրանով է պայմանավորված, որ ընդդիմադիր դաշտն այսօր բաց է, ըստ Ձեզ, ե՞րբ եւ ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս մթնոլորտը։
– Հայաստանում շատ վտանգավոր մթնոլորտ է ձեւավորվել, երբ հասարակությանը բաժանում են հեղափոխականների եւ հակահեղափոխականների, սեւերի ու սպիտակների, հանցագործների եւ ոչ հանցագործների։ Սա լուրջ խնդիր է, հասարակությունը տրոհելուց երբեւէ որեւէ մեկը, որեւէ հասարակություն չի շահել։ Եթե նախկինում կար բեւեռացում իշխանության եւ հասարակության միջեւ, ապա հիմա հենց հասարակության ներսում է բեւեռացման տենդենց գնում։ Այստեղ ե՛ւ իշխանության խնդիրը կա, որովհետեւ պարբերաբար հնչող հայտարարությունները՝ ովքեր մեզ հետ չեն, մեզ դեմ են եւ այլն, բերում են նման հետեւանքների։
Անելիք ունեն նաեւ ՀԿ-ները եւ հատկապես իրավապաշտպան կազմակերպությունները, որոնցից շատերը հեղափոխությունից հետո կլանվեցին իշխանության կողմից։ Ստացվեց այնպես, որ որոշ իրավապաշտպան կազմակերպություններ այն խախտումները, որոնք նախկինում դիտարկում էին մարդու իրավունքների խախտումներ, այսօր դրանք իրենց համար դարձել են օրինաչափ երեւույթներ, որոշ կազմակերպություններ իրենք ընդգրկվեցին իշխանության մեջ։ Մի բան լավ է, որ երբեք որեւէ դաշտ բաց չի մնում։ Երբ իշխանությունների անցանկալի խնդիր է բարձրաձայնվում, այլ բան չի մնում, քան պիտակավորել, վիրավորել տվյալ սուբյեկտին՝ երկրորդ պլան մղելով իրական խնդիրները, որոնք առաջ են քաշվում։ Չպետք է վախենալ այդ հարձակումներից ու լռել՝ վախենալով, թե քեզ կդասեն հակահեղափոխականների շարքը՝ ինչպե՞ս կարելի է անմեղության կանխավարկածը համարել կարեւոր սկզբունք, երբ խոսքը վերաբերում է իշխանությանը, բայց անտեսել, երբ խոսքը մյուսների մասին է։ Ինչպե՞ս կարելի է զարմանալ, որ քրեական հետապնդման ենթարկվողները պաշտպանվում են, բա պիտի պաշտպանվեն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում