«Ինֆորմացիայի ազատության» կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով օրերս հասարակության շրջանում աղմուկ հանած հասարակական տրանսպորտում տեղադրված տեսախցիկներին, նշեց, որ առաջին հերթին հարկավոր է նախագիծը շատ լավ մշակել, որից հետո միայն այն կյանքի կոչել:
«Հարկավոր է յուրաքանչյուր դեպքի անհատական մոտեցում ցուցաբերել: Օրինակ, եթե բանկերում է տեղադրվում տեսահսկման համակարգ, ապա չի կարող մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը խախտվել, որովհետև տվյալ դեպքում կա սահմանված օրինական նպատակ: Բանկում նման համակարգ տեղադրում են, որպեսզի անվտանգությունը ապահովեն: Բացի այդ, պարտադիր պայման է նաև, որ մինչև տվյալ տարածք մտնելը մարդն այդ մասին տեղեկացված լինի: Դրա համար հարկավոր է տարածքում համապատասխան իրազեկում իրականացնել: Այսինքն, մարդն այդ տարածք մուտք գործելուց առաջ պետք է այդ մասին իրազեկված լինի, որպեսզի իր վարքագիծը կարողանա համապատասխանեցնել տվյալ տարածքի պայմաններին, քանի որ իրեն տեսահսկելու են: Այսինքն, այստեղ կա օրինական նպատակ՝ անվտանգության ապահովումը: Ինչ վերաբերում է տվյալներին, ապա դրանք բացառապես հավաքվում են այդ նպատակների ապահովման համար, ինչը համապատասխանում է անձնական տվյալների պաշտպանության օրենքին»,- ասաց Շ. Դոյդոյանը:
Նրա խոսքով, երբ մարդն այդ մասին տեղեկացված չէ, այդ դեպքերում միանշանակ օրենքի խախտում կա: Բայց մեկ ընդհանուր բանաձև էլ չկա՝ հասկանալու համար, թե երբ է օրենքը խախտվում: Ուստի, ըստ Դոյդոյանի, յուրաքանչյուր ենթաոլորտ պետք է առանձին ուսումնասիրել և հասկանալ, թե որ դեպքում խախտումներ կան, որ դեպքում՝ ոչ: Ամենակարևոր հարցը, սակայն, նպատակի հստակեցումն է, որից հետո արդեն քայլերի հաջորդականությամբ տեսահսկումը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի օրենքը չխախտվի:
Խոսելով փողոցում լուսա կամ տեսանկարահանվելու ժամանակ այլոց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը չխախտելու մասին՝ Շ. Դոյդոյանն ասաց.
«Կարող է ինքներս մեզ նկարենք կամ նկարահանենք, բայց կադրում այլ մարդիկ նույնպես հայտնվեն: Եվ եթե նրանք բողոք ներկայացնեն, շատ հնարավոր է, որ նրանց բողոքն արդարացվի, որովհետև իրենք չեն ցանկացել, որ իրենց պատկերն այլ վայրում հայտնվի: Այսինքն, այո, այստեղ ևս խախտում կա, բայց կոնկրետ դեպքում հարկավոր է հանգամանքները դիտարկել, որպեսզի հասկանալի լինի, թե տվյալ դեպքում կոնկրետ ո՞ր մարդու անձնական տվյալների պաշտպանության հարցը կարող է վտանգվել, որ դեպքում՝ ոչ»:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: