Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականների ինստիտուտն օգտագործվում է նաև դասալքության, ահաբեկչության նպատակներով. Միգրացիոն ծառայության պետը՝ Ժնեւում

Մարտ 14,2019 00:34

Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությամբ Ժնևում տեղի է ունենում Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ապաստանի համակարգի որակի բարելավմանը նվիրված համաժողով, որն առաջինն է բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության (ՏԿԶՆ ՄԾ) պատվիրակությունը՝ պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Ապաստանի համակարգի որակի բարելավման գործընթացում Հայաստանն ակտիվորեն ընդգրկված է 2013 թվականից։ Նախաձեռնությունը մի շարք հաջողություններ է գրանցել Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ադրբեջանում, Ուկրաինայում։ Ոլորտի մարտահրավերները՝ հիմնված վեց երկրներում փախստականների պաշտպանության և ապաստանի ոլորտի վերջին օրինաչափությունների վրա, քննարկվում են տվյալ երկրների կառավարությունների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ։ Համաժողովի ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը կառավարություններին ոլորտում ծառացած խնդիրների լուծումները փնտրելու և իրականացնելու գործում։

Համաժողովում Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է ազգային անվտանգության պաշտպանությանը՝ փախստականների պաշտպանության համակարգը չխաթարելու համատեքստում:

Մասնավորապես, ՄԾ պետն ընդգծել է, որ այս ոլորտում կարևոր է ոչ միայն իրավական, այլ հատկապես քաղաքական մոտեցում ցուցաբերելը: «Ցանկանում եմ մասնավորեցնել ազգային անվտանգության հետ կապված առանձնահատկությունները և մատնանշել, որ մենք շարունակում ենք համագործակցությունն Ազգային անվտանգության ծառայության հետ՝ փորձելով բալանսավորել ազգային անվտանգությունն ու փախստականների պաշտպանությունը»,- նշել է Արմեն Ղազարյանը:

Միգրացիոն ծառայության պետը մատնանշել է այդ ոլորտում առկա խնդիրները, ինչպես օրինակ այն, որ փախստականների ինստիտուտն օգտագործվում է՝ խուսափելու հանցագործության համար պատիժ կրելուց: «Այդ ինստիտուտն օգտագործվում է նաև դասալքության, ահաբեկչության նպատակներով և Հայաստանի Հանրապետության առանձնահատուկ տարածքային֊, քաղաքական իրավիճակն այս առումով լուրջ մարտահրավերներ է ենթադրում»,- նկատել է Արմեն Ղազարյանը:

Համաժողովի ընթացքում առաջարկվել է ստեղծել միասնական տեղեկատվական հարթակ, ստեղծել արդյունավետ ինստիտուտ, որը կբալանսավորի նշված խնդիրների լուծումը:

Իր խոսքում Հայաստանի միգրացիոն ծառայության պետն ընդգծել է, որ  Փախստականների կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին և ժամանակն է՝ այն բարեփոխել ժամանակակից մարտահրավերներին համահունչ: «Պետք է հասնել նրան, որ փախստականների պաշտպանությունը չչարաշահվի և չվերածվի «ապաստանի առևտրի»:  Անհրաժեշտ է նոր շունչ տալ կոնվենցիային, որը հաշվի կառնի այսօր աշխարհում ի հայտ եկած նոր վտանգավոր ռիսկերը»,- իր խոսքը եզրափակել է Արմեն Ղազարյանը:

Համաժողովին հաջորդել է աշխատանքային ճաշը՝ միջազգային պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատար Վոլկան Տյուրկի (Volkan Türk) մասնակցությամբ:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031