Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչումն է մեր առավելությունը

Մարտ 14,2019 10:00

Հայաստանի բազմաթիվ, այդ թվում՝ անվտանգության հետ կապված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն մեծացնել մեր ռազմական ներուժը, այլեւ ինտեգրվել առաջադեմ եվրոպական քաղաքական, տնտեսական եւ մշակութային տարածքի մեջ: Ինտեգրվելու համար մենք՝ հայերս, ընդհանրապես, եւ հատկապես մեր 3 միլիոնանոց պետությունը մասնավորապես պետք է հետաքրքիր լինենք քաղաքակիրթ աշխարհին: Եթե մեզ ընկալեն միայն որպես ղարաբաղյան խնդիր ունեցող եւ ցեղասպանության ենթարկված ազգ, դա, մեղմ ասած, քիչ է:

Բացատրելու համար, թե ինչ է տվյալ դեպքում նշանակում «առանձնահատկություն», «առավելություն» կամ, եթե ուզում եք՝ «ֆիշկա», բերեմ պարզունակ, կարելի է ասել՝ կենցաղային օրինակ: Եվրոպական տուրիստական վայրերում ո՞ւմ ենք մենք խնդրում մեզ լուսանկարել (եթե «սելֆիների» խեղված նկարներից հոգնել ենք): Սովորաբար մենք այդ խնդրանքով դիմում ենք ասիական արտաքին ունեցող զբոսաշրջիկներին, չիմանալով հաստատ՝ նրանք չինացի են, ճապոնացի, թե կորեացի: Ինչու ենք մենք այդպես վարվում: Որովհետեւ, որպես կանոն, վստահ ենք, որ այդ տարածաշրջանի ազգերի ներկայացուցիչները

ա/ լավ են հասկանում տեխնիկայից,

բ/ բարեհամբույր են, անծանոթ մարդու խնդրանքը չեն մերժի,

գ/ բարեխիղճ են, անգամ այս պարզ գործողության մեջ կդրսեւորեն իրենց առավելագույն ունակությունները, «գլխառադ չեն անի»:

Արդո՞ք դա նշանակում է, որ հիշյալ ազգերում չկան անբարեխիղճ եւ անբարեհամբույր մարդիկ: Իհարկե, ոչ: Բայց մեր վերաբերմունքը ձեւավորվել է նրանց մեծամասնության հետ շփվելով, եւ այդ մեծամասնությունը, որոշակի մշակույթի եւ կրոնի կրողը լինելով, վաստակել է ընդհանուր առմամբ դրական համբավ:

Ցեղասպանությամբ նման համբավ չես վաստակի: 1700 տարվա քրիստոնեությամբ՝ նույնպես: Պատճառն, իմ կարծիքով, այն է, որ կրոնը, եւ մասնավորապես, բուդդիզմը այս կամ այն չափով մտել է նշված ազգերի թե պետական կառուցվածքի, եւ թե կենցաղի մեջ: Մեր քրիստոնեության դեպքում այդպես չէ. մեզ համար, օրինակ, «մի՛ գողացիր» պատվիրանը նշանակում է «մի՛ գողացիր հարեւանիդ հավը», բայց չի նշանակում՝ «մի՛ գողացիր պետությունից», մասնավորապես՝ մի՛ թաքցրու հարկերը:

Բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք հետաքրքիր լինել, դրական լույսի տակ ներկայանալ աշխարհին, եւ մեր «ֆիշկան» կարող է լինել IT-ի ոլորտը, գիտելիքահեն արտադրությունը, արհեստական բանականությունը, տվյալագիտությունը՝ մի խոսքով, այն ոլորտները, որտեղ պետք է ներդնել միտքը, անձնական նախաձեռնությունը, նորարարությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է արմատապես բարեփոխել կրթական ու գիտական ոլորտը: Այստեղ մենք հետ ենք մնացել առնվազն մի քանի տասնամյակով: Բայց դա առանձին խոսակցություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “…մեր «ֆիշկան» կարող է լինել IT-ի ոլորտը, գիտելիքահեն արտադրությունը, արհեստական բանականությունը, տվյալագիտությունը՝ մի խոսքով, այն ոլորտները, որտեղ պետք է ներդնել միտքը, անձնական նախաձեռնությունը, նորարարությունը…”Լացացրեց ախպերս, ուղղակի թավալվում եմ գետնին… Հատկապես գիտելիքահեն արտադրության մասով: Ոչ գիտելիք ենք ստեղծում կամ էլ ուրիշի ստեղծածի կրողն ենք, ոչ էլ արտադրություն ունենք: Բայց իրար հետ դառնում են մեր ՛՛ֆիշկեն՛՛: Հալալ ա, ախպեր, հալալ ա: Նախորդ 3 վարչապետները էս նորի հետ՝սա էլ նոր հիբրիդ ՛՛ֆիշկա յա՛՛:

  2. Հ.Շ. says:

    Այս արդի ժամանակներուն, ան որ լուրջ, կայուն ու հաստատ գործ մը չէ կրցած ունենալ, երբ որ իրեն հարց տաք թէ ի՞նչ գործով կը զբաղուի, կ’ըսէ՝ «IT-ի մէջ եմ»… Հայաստանի պարագային, շատեր ալ պիտի ըլլան որ ըսեն՝ «լուսանկարիչ եմ»…

    Հայաստանը բառացիօրէն խոպան երկիր մըն է: Անծայրածիր տարածութիւններ ունի որոնք անմշակ են, լքուած, անապատ դարձած: Հայաստանը տնտեսապէս ենթազարգացած երկիր մըն է, կամ ինչ որ հիմա աւելի դիւանագիտաբար կ’ըսեն՝ «զարցագման ճանապարհի վրայ» երկիր մը:

    «IT ոլորտը», լուրջ եւ բովանդակալից առումով, կը թեւակոխեն այն երկիրները որոնք, մնացեալ, նախնական ու տարրական, էական ոլորտներում, արդէն հասած են զարգացման ծայրագոյն մակարդակին:

    Աւելի պարզ խօսելու համար՝ սանդուխը պէտք է բարձրանալ աստիճան առ աստիճան, քանի որ եթէ մէկ անգամից ջանաս հասնիլ ամենավերի աստիճանը, դուն ալ կը գլտորուիս, սանդուխն ալ հետդ: Սանդուխը գրկած, կը պառկիս գետնի փոշիին մէջ:

    Մինչեւ որ Հայաստանի մէջ հողերը չմշակուին, գիւղատնտեսութիւն չկայանայ, տարրական ենթակառոյցները չգոյանան, շօշափելի արտադրողականութիւն, նշանակալից ճարտարարուեստ, իրական արդիւնաբերութիւն չունենայ երկիրը, «IT ոլորտ»ը ցաւալի փախուստ մըն է միայն իրականութենէն՝ պատրանքներու մէջ:

    Մի քանի օրինակներով կարող էք իրաւացիօրէն հպարտանալ (թէկուզ անոնցմէ ամենահռչակաւորը խորքին մէջ երեխաներու դաստիարակչական զուարճանքի, ինքնատիպ ժամանցի յաջող հաստատութիւն մըն է. ստուգեցէք նայինք զայն յաճախողներերէն ցարդ քանի՞ հատը, իրենց այդտեղէն ստացած գիտելիքներով, լուրջ ու բարձրորակ գործի մը հասած է, կարգին ասպարէզ ունի, «IT ոլորտում»…): Սակայն լիովին զարգացած երկիրներում այդ ոլորտի կացութիւնը նկատի ունենալով, ցաւօք, մնացեալ աշխարհին համար Հայաստանը, տակաւին ու դեռ երկար ժամանակ, պիտի չդասուի որպէս «IT ոլորտի» բարձրաստիճան ներկայացուցիչ:

    Մանկապարտէզէն սկսեալ, Հայաստանի ուսումնական ոլորտի կացութիւնը նկատի ունենալով, ո՞նց կարող ենք պատկերացնել թէ «IT ոլորտում» այդ երկիրը միջազգային փարոս մը պիտի դառնայ, կանխատեսելի ապագային: Լաւագոյն պարագային, եթէ IT-ի հսկայ ընկերութիւններ գան իսկ այդտեղ, հետաքրքրուած պիտի ըլլան, ստորադաս գործերու համար, cheap-laborով: Կամ ալ աշխարհագրական տարածքաշրջանի առեւտրական հնարաւորութիւններով:

    Դուրսի չափանիշներով, մինչեւ հիմա, ամբողջ երկիրը՝ մէկ հատիկ քաղաք մըն է միայն… Եւ արդէն ուզում էք լուսի՞ն ելլել:

    Սքանչելի երիտասարդ մը կը ճանչնամ, Արցախցի: Անասնաբուժութիւն ուսանած էր, ծնողն ալ շինարարութեան ոլորտում կ’աշխատէր: Թողեց Արցախը, եւ կին ու զաւակներով, գացին Երեւան: Ուր հիմա ի՞նչ կ’ընէ: Լաւ կռահեցիք՝ ֆոտոկրա՛ֆ է…:

    Ահա սա է ձեր խնդիրը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031