Սահմանամերձ Խնձորուտի ճանապարհը գյուղացիների համար տասնյակ տարիներ է՝ գլխացավանք է, հոգս, գյուղի տնտեսական զարգացմանը` լուրջ խոչընդոտ: Իսկ նախագահների, պատգամավորների թեկնածուների համար փայլուն առիթ` ընտրությունից-ընտրություն ճանապարհի վերանորոգումը շահարկելու եւ խնձորուտցիների սրտերն ու ձայները շահելու համար:
Խնձորուտի ճանապարհը, որը գյուղը կապում է Վայք շրջկենտրոնին, քարուքանդ է, մեծ փոսերով: Տեղացիներն ասում են` 80-ականներից այս կողմ ճանապարհի մոտ 13-14-ը կիլոմետրը ասֆալտի երես չի տեսել:
20 ընտանիք գյուղն արդեն լքել է, տեղափոխվել են Վայք, Արտաշատ, Երեւան, Ռուսաստանի Դաշնություն: Անբարեկարգ ճանապարհի պատճառով խնձորուտցիները ոչ միայն բարոյական, այլեւ տնտեսական վնասներ են կրում. ավտոմեքենաները ջարդուխուրդ են լինում, առեւտրի նպատակով գյուղ հասած ապրանքների գները եռակի-քառակի են դառնում:
Գյուղը Նախիջեւանին սահմանակից է, հետեւաբար ճանապարհն էլ ռազմավարական նշանակություն ունի: Ամեն օր այս ճանապարհով են երթեւեկում պայմանագրային զինծառայողները, որոնք հաճախ են ավտոմեքենաների վնասվելու հետեւանքով ճանապարհին մնում:
Ասում են` կանչի դեպքում այստեղ անգամ շտապօգնության նոր մեքենաները չեն ուղարկում, որպեսզի չվնասվեն: Ճանապարհի հարցն ամեն տարի բարձրացվել է կառավարական մակարդակներում, ամեն տարի նույն պատասխանն է եկել` բյուջեում փող չկա: Մասնագետները կոպիտ հաշվարկներ են արել եւ պարզել, որ Խնձորուտի ճանապարհի վերանորոգման համար կպահանջվի 1 միլիարդից մի փոքր ավելի գումար:
Թե նոր կառավարությունն ինչ ծրագրեր ունի սահմանամերձ Խնձորուտի ճանապարհի վերաբերյալ, կարդացեք:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
13.03.2019